Շվեյցարաբնակ ճանաչված օպերային երգչուհի, մեցցո սոպրանո, «Ավետիս» մշակութային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Վարդուհի Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հերթական անակնկալներն ունի երաժշտասերների համար: Նա նշեց, որ մայիսի 26-ին Ժնեւի հանրահայտ Victoria Hall-ում իրենց նախաձեռնությամբ կկայանա ամերիկյան օպերային երգչուհի, լիրիկա-կոլորատուրային մեցցո սոպրանո Ջոյս դիԴոնատոյի բացառիկ մենահամերգը: Ծրագիրը, որով աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Ժնեւում, կոչվում է «Բարոկկոյից մինչեւ ջազ»:
Վարդուհի Խաչատրյանը հայտնեց, որ հունիսի 13-ին էլ դարձյալ նույն դահլիճում եւ դարձյալ Ավետիս» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ կկայանա աշխարհահռչակ տենոր եւ կենդանի լեգենդ Պլասիդո Դոմինգոյի համերգը՝ Orchestra Sinfonica Rossini di Pessaro-ի ընկերակցությամբ: Նվագախումբը կղեկավարի Ֆրեդերիկ Շասլենը:
Հիշեցնենք, որ «Ավետիս» ասոցիացիան ստեղծվել է 2011թ.-ին եւ նրա նպատակն է տարածել հայ մշակույթը, ներկայացնել հայ երաժիշտ արվեստագետներին` Եվրոպայում: «Ավետիսը» ոչ միայն համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ, այլ Ժնեւում պարբերաբար ներկայացնում է նաեւ հայազգի ճանաչված երաժիշտների` Սերգեյ Խաչատրյան, Նարեկ Հախնազարյան, Բարսեղ Թումանյան, Հովհաննես Այվազյան, Շուշան եւ Աստղիկ Սիրանոսյաններ, Ջուլիետա Գալստյան, դիրիժորներ Վագ Պապյան եւ Հարություն Արզումանյան:
Ի դեպ, Դոմինգոյի համերգին «Ավետիսը» Ժնեւի ունկնդրին կներկայացնի հայ անվանի տենոր Հովհաննես Այվազյանին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պլասիդո Դոմինգոյի եւ Վարդուհի Խաչատրյանի լուսանկարները՝ Ֆեյսբուքի իրենց էջերից: