Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակվել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցը։
Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունքում՝ ԳՐԵԿՈ-ն նախկին 7 հանձնարարականի փոխարեն ներկայումս արդեն 9 հանձնարարական համարում է լիարժեք կատարված իսկ մյուս 9 հանձնարարականները համարվում են մասամբ կատարված: Նշյալ 2 հանձնարարականներն առնչվում են դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը։
Մասնավորապես, ԳՐԵԿՈ-ի կողմից դրական է համարվել դատախազների շրջանում վարքագծի կանոնների, շահերի բախման և կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող վերապատրաստումների, ինչպես նաև դատախազությունում խորհրդատվական կարգով շահերի բախման, վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ տրվող խորհրդատվական մեխանիզմի ներդրումը:
ԳՐԵԿՈ-ի կողմից առաջընթաց է համարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և գործառույթների շրջանակների հստակեցմանն ուղղված քայլերը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մասամբ իրականացված հանձնարարականներին, հարկ է նշել, որ դրանք առնչվում են ԱԺ պատգամավորների և դատավորների գործունեության վերաբերյալ տրված հանձնարարականներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կարգավորումներին, որը պայմանավորված է 2022 թվականին իրականացված օրենսդրական փոփոխություններից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությամբ և համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ:
Միաժամանակ, անդրադառնալով մասամբ իրականացված հանձնարարականներին ԳՐԵԿՈ-ն շեշտել է, որ Կառավարությունը դրանց կատարման ուղղությամբ շարունակում է ակտիվ քայլեր իրականացնել:
Առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով։
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականից սկսած անդամակցում է ԳՐԵԿՈ-ին և հանձնարարականների գնահատման համատեքստում պարբերաբար ենթարկվում է գնահատման։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ