«Իմ գնահատականն այն է, որ ՄԻՊ թեկնածուն նման բառամթերքով եւ նման գնահատականներով չպետք է ներկայանա ազգային ժողովում եւ իր քաղաքական գնահատականներում պետք է զուսպ լինի, որովհետեւ նա բոլորի ՄԻՊ-ն է լինելու, ոչ թե ընդդիմության»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի իր գործընկերների վարքագիծը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ապրիլի 4-ին ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականները, այդ թվում Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը, աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։
Արեն Մկրտչյանը նշեց․ «Հեղափոխության մասին հնչեցված բառամթերքը, վիրավորական գնահատականները ես խիստ անընդունելի եմ համարում»։
Կարդացեք նաև
-Իսկ ՔՊ-ականների բառամթերքն ընդունելի՞ եք համարում։
Արեն Մկրտչյան-պատասխանը եղել է համարժեք։
-Օրինակ՝ «անասուն», «լեզուդ կկտրեմ», «կլոուն», «ռադ արեք ստեղից»։ Այս ամենի ի՞նչն է համարժեք՝ անգամ եթե թեկնածուն քաղաքական սուր քննադատություն էր հնչեցրել։
Արեն Մկրտչյան-Էդգար Ղազարյանի վիրավորանքը ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին ստացել է համարժեք պատասխան։ առաջարկում եմ դետալների մեջ չխորանալ։ Բոլորը հետեւել են նիստին։
-Ընդդիմությունը պատրաստվում է այս հարցով դիմել գլխավոր դատախազին՝ Արթուր Հովհաննիսյանի հանդեպ վարույթ նախաձեռնելու համար։
Արեն Մկրտչյան-Իրենց որոշումն է, թող դիմեն։ Եթե հիմքեր լինեն, թող գործ հարուցեն։ Չտեսնեն՝ չեն հարուցի։
-Իսկ առհասարակ նորմա՞լ եք համարում նման ձեւաչափով նիստ անելը։
Արեն Մկրտչյան-Աննորմալ է ՄԻՊ նման թեկնածու առաջադրելը։ Ես նման նախադեպ չեմ հիշում, որ ՄԻՊ թեկնածուն նման բառապաշարով ներկայանա ԱԺ։
-Մի շարք հ/կ-ներ Ալեն Սիմոնյանի վարքագծի վերաբերյալ իշխող խմբակցությունից պահանջում են պաշտոնանկության հարցը քննարկել։ Նաեւ առաջին նախագահն է գնահատական հնչեցրել։ Թիմում քննարկե՞լ եք այս ամենը։
Արեն Մկրտչյան-Լեւոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ եմ տալիս խորհուրդ տալ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներին։ Կարծում եմ՝ այս պահին Լեւոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք ՔՊ-ն չունի։ Ինչ վերաբերում է հ/կ-ների հայտարարություններին, ես ծանոթ եմ, բայց պարոն Սիմոնյանն իր էջում պարզաբանում է գրել։
-Այնուամենայնիվ, ձեր գնահատականը ո՞րն է նման պահվածքի վերաբերյալ։ Ի վերջո, ԱԺ նախագահի մասին է խոսքը։
Արեն Մկրտչյան-ԱԺ նախագահն արդեն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել։ Առհասարակ կարծում եմ, որ բոլորս պետք է փոքր-ինչ զուսպ լինենք եւ ԱԺ նախագահին փողոցում հանդիպելիս հաշվի առնենք․ անկախ նրանից՝ ընդունո՞ւմ եք տվյալ քաղաքական ուժը եւ նրա ներկայացուցիչներին, թե ոչ, խոսքն ինստիտուտի մասին է։ Պետական ինստիտուտները պետք է հարգել։
-Բայց փաստացի այդ պետական ինստիտուտը ներկայացնող անձն է, կներեք, քաղաքացու վրա թքելու վարքագիծ դրսեւորում։ Ինստիտուտ է չէ՞ ներկայացնում։
Արեն Մկրտչյան-Դե․․․ես նշեցի արդեն, որ պարոն Սիմոնյանը պարզաբանել է։ Ես չունեմ ավելացնելու բան։
-Դուք բացառո՞ւմ եք Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ ՔՊ-ում նման բան քննարկե՞լ եք։
-Ես տեղյակ եմ, որ թիմում այս պահին նման քննարկումներ չկան։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ