Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ։ Այս մասին այսօր «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ին լրագրողների հետ զրույցում ասաց թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները:
Տեղեկացնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:
Քրիս Սքիները Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակն է, նա աշխարհում տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է: Քրիս Սքիները նաև The Finanser խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, ֆինանսական տեխնոլոգիաների և բանկային գործունեության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Digital Human», «Digital Bank», «The Future of Banking», «ValueWeb»:
Կարդացեք նաև
Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով հանդես են գալիս նաև ավելի քան 15 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, Visa, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից:
Քրիս Սքիների համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում, և շատ կարևոր է փոխակերպման և թվայնացման այս ընկալումը Հայաստան բերելը:
«Դրա համար երկու պատճառ կա. նախ, եթե այս տարածաշրջանի երկրները չներգրավվեն թվայնացման և փոխակերպման մեջ, նրանք կկորցնեն տնտեսության մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրներից հետ կմնան: Երկրորդը, տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինթեքի հիմնական հաբ»,-ասաց նա:
Սքիները չափազանց կարևոր համարեց, որ բանկերը, երկրի ղեկավարությունը ստանձնեն փոխակերպումն իրականացնելու առաջնորդությունը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ Քրիս Սքիները հատուկ դասընթաց է վարել Doing Digital Forum-ի համակազմակերպիչ Ամերիաբանկի աշխատակիցների համար:
«Եթե ֆինանսական հաստատության ղեկավարությունը չի ընկալում դա, ապա դա տեղի չի ունենալու: Ոչ միայն բանկի, այլ նաև երկրի ղեկավարությունը պետք է առաջնորդություն ստանձնեն թվային փոխակերպման առումով՝ վարչապետը, փոխվարչապետը, ԿԲ նախագահը: Որպեսզի Հայաստանը դառնա թվային փոխակերպման տարածաշրջանային կենտրոն, անհրաժեշտ է, որ պետության ղեկավարությունը նույնպես հասկանա դա և ստանձնի առաջնորդությունը»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, թե որ ոլորտներն ավելի շատ ունեն թվային փոխակերպումների կարիքը՝ թվայնացման գուռուն նշեց, որ որոշ ոլորտներ արդեն թվային փոխակերպման են անցել, օրինակ՝ մանրածախ առևտուրը, սակայն որոշ ոլորտներ էլ հետ են մնում այդ գործընթացից, դրանցից մեկն առողջապահության ոլորտն է,
«Տրանսպորտային ոլորտում նույնպես թվային փոխակերպումները տեղի են ունենում՝ ավիաուղիները, գնացքները, ինքնավար մեքենաները, նրանք թվային փոխակերպումներն ընդունում են: Ոլորտներից մեկը, որ հետ է մնում թվային փոխակերպումներից, առողջապահությունն է: Ես ավելի շատ նկատի ունեմ հանրային, պետական կլինիկաները, որովհետև երբ խոսում եմ բժիշկների, հանրային առողջապահության մասնագետների հետ, իմ անձնական տպավորությունն այն է, որ նրանք հետ են մնում այս փոխակերպումներից»,- ասաց նա:
Անդրադառնալով մարզերում թվային փոխակերպման դերին, Քրիս Սքիները պատասխանեց. «Ես չեմ հավակնում Հայաստանի փորձագետ լինելու: Ես իմ զեկույցում ներկայացրի հոլանդական մի բանկի օրինակ, որն իր տեխնոլոգիական հնարավորություններով հենց ֆերմերների հետ դաշտային մակարդակում կապ է ապահովում: Այսինքն՝ իրական ժամանակով բանկերը կարող են հետևել իրենց հաճախորդ ֆերմերներին»,- նշեց նա:
Քրիս Սքիները հավաստիացնում է, որ դա այնքան էլ մեծ ֆինանսներ չի պահանջում, որովհետև տեխնոլոգիաները մեր ժամանակներում շատ էժան են: «Իրենցից պահանջվում է միայն նանոչիպեր, որ պետք է տեղադրեն ու հետևեն դրան: Այս ոլորտի բոլոր ընկերությունները կարող են իրենց նախագծերը սկսել ընդամենը մի քանի հազար դոլարով: Համաձայնեք, որ դա այնքան էլ մեծ բյուջե չէ»,- ընդգծեց նա և հավելեց,-«Հիմա ծառայությունների բազմաթիվ ոլորտներ կան, որ թվայնացված են, և դուք կարող եք հեշտությամբ այդ ծառայություններից օգտվել: Դա ուղղված է ձեր կյանքը հեշտացնելուն: Բայց այստեղ երկու խնդիր կա, եթե դուք չունեք 4G կամ 5G ինտերնետ, ապա ձեր կյանքը ավելի նյարդային է դառնալու: Մյուս մարտահրավերը տարբեր ծառայությունների ինտեգրումն է: Օրինակ՝ վերջերս ես պետք է ինչ-որ հավելվածի միջոցով կապվեի իմ բանկի հետ և վճարում կատարեի: Ես ստիպված էի երեք անգամ դա փորձել, ինչը նյարդայնացնող է: Երրորդը, պետք է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել թվային ծառայությունների մեջ, այսինքն՝ եթե բոլորը ներգրավված չեն դրա մեջ, ապա այդ ծառայությունների օգտակարությունը պակասում է»,-ընդգծեց նա:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ