Ընտրատեղամասերի մոտ կուտակումները ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն անվանում է «հնուց եկած իներցիա»: Այսօր ԿԸՀ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ընտրախախտումների մասին լրագրողներից մեկի հարցին, Վահագն Հովակիմյանն ասաց, որ ընտրատեղամասերի մոտ հավաքված մարդկանց, անգամ տեղամասում այդ պահին գտնվող ԿԸՀ ներկայացուցիչներն են մոտեցել եւ հորդորել՝ «ուղղակի մի կանգնեք այստեղ»:
«Ինչի՞ են կանգնում, օրինակ, տեղամասից 100 կմ հեռավորության վրա, չգիտեմ: Տեղամասում ընտրողն ազատ եւ գաղտնի քվեարկելու է եւ եթե որեւէ մեկը մտածում է, որ իր՝ տեղամասի մոտ կանգնելով, այն քաղաքական ուժը, որին որ ինքը սատարում է, շահելու է, չարաչար սխալվում է: Հին իներցիա է այդ ձգտումը՝ գնալ, որ տեղամասին մոտ լինել եւ այլն»,- ասաց Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ ընտրությունների օրը հիմնական ահազանգը եղել է ընտրատեղամասերի մոտ կուտակումների մասին: Նա գտնում է, որ կուտակումներից խուսափելու հիմնական ձեւն այն պետք է լինի, որ ընտրություններին մասնակից ուժերի ներկայացուցիչները իրենց վարքը փոխեն:
Իսկ ՏԻՄ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական կողմերի միջեւ հիմնական բանավեճը վերաբերել է պաստառներ փակցնելու թեմային. «Եղել է դեպք, որ քաղաքական մեծամասնության պաստառները, որոնք որ ընթացակարգի հետ կապված խնդիր ունեին, 34 ԸԸՀ-ն, օրինակ՝ որոշեց, որ դրանք հանեն եւ հանել են այդ պաստառները»:
Ընտրակաշառքների մասին լրագրողի հարցին եւ կոնկրետ դեպքի մատնանշմանն ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ դատախազությունը հետամուտ է լինելու նման բոլոր դեպքերին եւ ինքը հուսով է, որ հանցակազմի առկայության պարագայում, համապատասխան հետեւանք կունենա դա:
Կարդացեք նաև
Հարց հնչեց նաեւ առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստի մասին, որի ժամանակ պետք է Երեւանի քաղաքապետ ընտրվի. լրագրողներին հետաքրքրում էր՝ արդյոք հակասություն չկա՞ ԸՕ-ի եւ «Երեւանի մասին» օրենքներում, երբ մյուս դեպքերում, ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար չի ընտրվում, կառավարությունը լիազորություն ունի ավագանին լուծարելու, իսկ Երեւանի պարագայում նման կարգավորում չկա: Վահագն Հովակիմյանն ասաց, որ եթե պատգամավոր լիներ, այս հարցի վերաբերյալ ավելի անկաշկանդ կարտահայտվեր, բայց այդ հարցի հասցեատերը ԿԸՀ նախագահը կամ ԿԸՀ-ն չեն: Առհասարակ, նա այն կարծիքին է, որ Երեւան քաղաքում ՏԻՄ ընտրությունների մասին ընտրական օրենսդրությունում բարելավման կարիք կա եւ գործընթացը ընթացքի մեջ է, ինքը լիահույս է, որ բոլոր բացերը նոր նախագծով կշտկվեն: Տվյալ դեպքում, իբրեւ ԿԸՀ նախագահ, ինքը ձեռնպահ կմնա հարցի վերաբերյալ կարծիք արտահայտել, քանի որ դա իր լիազորությունների շրջանակից դուրս է:
Երեւանում՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին հարցին ի պատասխան էլ, Վահագն Հովակիմյանն ասաց, որ օրենքը բոլոր կարգավորումները տալիս է եւ կարիք չկա, որպեսզի պաշտոնյան մեկնաբանություններ անի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում համացանցային ԶԼՄ-ների վրա կիրառվող օրենսդրական սահմանափակումների մասին հարցին, ԿԸՀ նախագահն ասաց, որ համացանցային ԶԼՄ-ների դեպքում միակ օրենսդրական պահանջն է, որ ընտրությունների բոլոր մասնակիցների նկատմամբ ոչ խտրական պայմաններ լինեն։ Հովակիմյանը սակայն ընդգծեց, որ դա չի կարող վերաբերել ԶԼՄ հրապարակումների բովանդակությանը։
«Եթե որևէ մեկնաբանությամբ որևէ պետական մարմին կամ քաղաքական գործիչ իրավունք ստանա միջամտել ԶԼՄ-ների հրապարակումների բովանդակությանը, թե օրինակ ինչու ես քննադատում կամ ինչու չես քննադատում, դա կլինի արդեն գրաքննություն, բայց միևնույն ժամանակ ԶԼՄ-ները պետք է գիտակցեն, որ լռության օրը քարոզչություն կամ հակաքարոզչությունն արգելվում է։ Վատ է, որ որոշ ԶԼՄ-ներ այս կանոնը չեն պահպանում»,-ասաց նա։