Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեում կարգավարական վարույթների իրականացման առավել արդյունավետ իրավակարգավորումներ կսահմանվեն 

Ապրիլ 05,2023 16:00

Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ կարգավորումներ նախատեսելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում նշել է, որ գործող օրենքում սահմանված չէ կարգապահական վարույթների իրականացման հստակ կարգը, վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ չկան կարգավորումներ, սահմանված չեն վարույթի իրականացման ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի իրավունքները:

Քննարկմանը ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է կոմիտեում ձեւավորել կարգապահական հանձնաժողով, որը բաղկացած կլինի 8 անդամից: Առաջարկվում է ապահովել կարգապահական հանձնաժողովի ներառական կազմը, որում կընդգրկվեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` նախագահի ընտրությամբ, վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման մեկ ծառայող, գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, ՄԻՊ-ի կողմից ներկայացված մեկ իրավաբան գիտնական եւ վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչ:

Փոխնախարարը նշել է, որ հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով: Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից նախատեսվել են առանձնահատուկ կարգավորումներ: Մասնավորապես, սահմանվել է, որ հանձնաժողովի առաջին կազմի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մեկ? ՄԻՊ-ի կողմից ներկայացված տեղակալը պետք է լինի իրավաբան գիտնական: Ամրագրվել է, որ վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչները պաշտոնավարելու են 2 տարի ժամկետով, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ինչպես նաեւ գլխավոր դատախազի ներկայացրած դատախազը` 1 տարի ժամկետով: Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը 1 տարի է:

Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը գործելու է հասարակական հիմունքներով: Փոխնախագահի խոսքով նախագծով հստակեցվել է կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգը: Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն իրականացվելու է երկու փուլով. նախնական ուսումնասիրություն եւ բուն կարգապահական վարույթ: Վերջինիս իրականացման համար առաջարկվել է սահմանել հստակ ժամկետ` 1 ամիս: Սահմանվել են նաեւ կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման երաշխիքներ: Նախատեսվել են շահերի բախման կարգավորումներ` հնարավոր դեպքերը կանխելու եւ բացառելու համար: Ամրագրվել են հանգամանքներ, որոնց առկայության դեպքում հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել հանձնաժողովի գործունեությանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվում են Հակակոռուպցիոն կոմիտեում կարգավարական վարույթների իրականացման առավել համապարփակ, գործուն, արդյունավետ իրավակարգավորումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված օրենքի նախագծին:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի ու կից օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930