Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն պահի դա կարող է գործի դրվել»․ Թագուհի Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանին պատասխանատվության կանչելու մասին

Ապրիլ 05,2023 16:04

Մի շարք իրավապաշտպան եւ քաղաքացիական հասարակության կառույցներ, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա թքելու քայլին, հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, եւ որ ԱԺ մեծամասնությունը պետք է հրատապ ձևավորի էթիկայի հանձնաժողով ու դիտարկի Ալեն Սիմոնյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հանգամանքին՝ ասաց, որ հ/կ-ներից շատերի հետ ամենօրյա կապի մեջ է, եւ նրանք պահանջում են նաեւ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին եւ նրա գործընկերների վարքագծի վերաբերյալ եւս էթիկայի հանձնաժողով ձեւավորել։

«Ուզում եմ հիշեցնել, որ մոտ 1,5 տարի առաջ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման նպատակահարմարության առնչությամբ ընդդիմադիր խմբակցություններն օրինագիծ էին դրել շրջանառության մեջ, եւ դա կարող է քննարկվել ամեն պահի»,-շեշտեց Թագուհի Թովմասյանը։ Ճշտող հարցին՝ այսինքն, հիմա՞, նա պատասխանեց․ «Ամեն պահի կարող է գործի դրվել»։

Թագուհի Թովմասյանը նաեւ նշեց, որ Ալեն Սիմոնյանի վարքագիծն անթույլատրելի է, դա հարիր չէ պետական պաշտոնյանին․ «Նա արդեն պետք է պաշտոնանկ արված լիներ»։

Դառնալով հ/կ-ների հայտարարությանը՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ պաշտոնական գրություն դեռ չեն ստացել, բայց իր տեսակետը պարզ է․ «ՔՊ-ի ձայների գերակշիռ լինելու դեպքում միայն կարող է էթիկայի հանձնաժողով ստեղծվել։ Ուստի հ/կ-ները պետք է նաեւ իշխանական խմբակցությանը դիմեն եւ պահանջեն։ Մենք էլ կանենք, բայց արդյունավետությունը ցածր կգնահատենք, եթե իշխանությունն ինքը չուզի»։

Հիշեցնենք նաեւ, որ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ապրիլի 4-ին ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականները, այդ թվում Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը, աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Այս հարցով, ինչպես այսօր Թագուհի Թովմասյանն է ասել, գրություն են ուղարկելու գլխավոր դատախազին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930