Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցման արդյունքները նաև հանրայնացվել են, հասանելի դարձել թշնամիների համար. Գուրգեն Ներսիսյան

Ապրիլ 05,2023 15:48

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը         

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԿԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵՎ Ի ՎՆԱՍ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ

Պատերազմական գործողություններից ու մարդկային և տարածքային կորուստներից հետո ցանկացած պետությունում խաթարվում է ներքին կյանքի բնականոն ընթացքը, խզվում է քաղաքացի-պետություն կապը, պետական մարմինների նկատմամբ ձևավորվում է անվստահության բարձր մակարդակ, միմյանց նկատմամբ ձևավորվում է թշնամություն, ատելություն:

Այդ վիճակը պարարտ հող է պարունակում հակառակորդի համար, որը նման իրավիճակներում փորձում է ձեռնարկել ու ձեռնարկում է տեղեկատվական գրոհ ենթադրող գործողություններ՝ հասարակության աչքերում պետական մարմիններին, պետական ինստիտուտներին, պաշտոնատար անձանց նսեմացնելու, հեղինակազրկելու համար, որի վերջնական նպատակը երկիրը ներսից թուլացնելն ու ներքին կյանքում քաոսային ու խուճապային վիճակներ և տրամադրություններ ստեղծելն է:

2022 և 2023 թվականներին մասնավոր սուբյեկտների կողմից Արցախում իրականացվել են մի շարք սոցիոլոգիական հարցումներ պետական մարմինների, տարբեր պաշտոնատար անձանց հեղինակության, ճանաչվածության կամ նրանց նկատմամբ վստահության մակարդակը չափելու և այլ նպատակներով: Ակնհայտ էր, որ հատկապես պատերազմից հետո Արցախում պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք չէին կարող բարձր հեղինակություն վայելել, սակայն այդ պատկերը բովանդակող հարցման արդյունքները նաև հանրայնացվել են, հասանելի դարձել մեր թշնամիների համար՝ իրենց բոլոր կանխատեսելի բացասական հետևանքներով: Գիտակցաբար է արվել այդ ամենը, թե ոչ, այլ հարց է, բայց որ երևույթն անթույլատրելի է, կարծում եմ՝ անկասկած է:

Այսօր նույնպես իրականացվում են նմանատիպ սոցիոլոգիական հարցումներ, տարաբնույթ հարցեր են ուղղվում մասնակիցներին, որոնց կողմից ենթադրաբար հետապնդվող նպատակները անորոշ կամ կասկածահարույց են, իսկ արդյունքների հանրայնացումը կարող է բացասական ազդեցություն թողնել Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգության վրա, ինչը պետք է գրավի նաև ԱՀ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Վերոհիշյալ մտահոգությունները հաշվի առնելով՝ առաջիկայում միջոցներ են ձեռնարկվելու հիշյալ գործընթացը իրավական կարգավորման ենթարկելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենան բացառապես պետական մարմինների թույլտվությամբ ու պատվերով, որի արդյունքները պետք է տնօրինի բացառապես պետությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930