Ապրիլի 5-ին ԱՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Վիգեն Գրիգորյանի հիշատակի օրն է: 30 տարի առաջ այս օրը ականի պայթյունից կտրվում է արցախյան ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկի՝ ԱՀ ԳԽ պատգամավոր Վիգեն Գրիգորյանի կյանքի թելը:
Վիգեն Գրիգորյանը դաշնակցական էր, Հադրութի ակտիվիստներից: Նրա անմիջական մասնակցությամբ 1991-ի հոկտեմբերին իրականացվել էր Տողի ազատագրումը:
1991թ. դեկտեմբերի 28-ի ընտրություններում Վիգեն Գրիգորյանն ընտրվել էր ԱՀ ԳԽ պատգամավոր: Սակայն պատգամավոր դառնալուց հետո էլ Վիգեն Գրիգորյանը զենքը վայր չի դրել: Իր ջոկատով նա մասնակցել է Խոջալլուի ռազմագործողությանն ու կյանքի ճանապարհի բացմանը:
Այսօր ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը պատգամավորների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել ԱԺ ճեմասրահի զոհված պատգամավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև:
Կարդացեք նաև
Հիշատակի արարողությանը ներկա էին ընտանիքի անդամներ, հարազատներ, կուսակցական և ծառայակից ընկերներ:
«Այն արժեհամակարգը, որ որդեգրել էր Վիգեն Գրիգորյանը, մեզ համար պետք է լինի ուղեցույց և մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա նրա թողած հետքն ու ավանդը դարձնել գործելաոճ»,- գնահատանքի ու խոնարհումի իր խոսքում ընդգծել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին