Սերմնահեղուկ, սաղմեր, ցուլի սերմնահեղուկ, վարսակ, աշորա, ձկան ճարպ, օսլայի արտադրության մնացորդներ, բնական խցանից պատրաստված խցաններ, խցանափակիչներ եւ մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծման դեպքում էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է սահմանին ազատել ավելացված արժեքի հարկից։ Նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է։
Այսօր նախագծի երկրորդ ընթերցումն էր։ Նախարարությունն առաջարկում է ցանկում ավելացնել եգիպտացորեն, սոյայի պտուղներ եւ սոյայի մնացորդներ։ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանն ասաց՝ ցանկում ավելացված այս երեք ապրանքատեսակներն օգտագործվում են թռչնամսի կերի պատրաստման գործընթացում, եւ դրանց ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից ազատումը տեղական տնտեսվարողների համար դրական մրցակցային միջավայր եւ ավելի մրցունակ գին ունենալու հնարավորություն կստեղծի․ «Թռչնամսի մասով ինքնաբավ չենք, եւ այս փոփոխությունը միտված է արտադրողներին հնարավորություն տալ մրցունակ ինքնարժեք ունենալ եւ ինքնաբավության որոշակի մակարդակ կտա»։
Փոխնախարարի ներկայացմամբ՝ թռչնամսի արտադրության գործընթացում ինքնարժեքի զգալի մասը ձեւավորվում է կերի հիման վրա, եւ ցանկում ներառված այդ երեք ապրանքատեսակներն օգտագործվում են կերի արտադրության մեջ։
«Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվեց՝ երբ նման ցանկն ընդլայնվում է, ապա կոնկրետ ի՞նչ չափանիշներ կամ վերլուծությունների հիման վրա է դա արվում։ Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ կան որոշ չափանիշներ, վերլուծություններ, որոնց հիման վրա որոշումներ են կայացվում․ «Նաեւ պետություն-մասնավոր երկխոսության հիման վրա ենք որոշում կայացնում»։
Կարդացեք նաև
Ավետիսյանն էլ արձագանքեց․ «Դուք անընդհատ անորոշ վերլուծություններին եք հղում տալիս։ Եթե դուք ասեք՝ եթե ներմուծվող հումքը գնալու է այնպիսի արտադրության, որը մեր երկրից արտահանվելու է, եւ եթե այդպես է, ապա այդ մասով մենք ազատում ենք ԱԱՀ-ից ու ապագայում խթանիչ արդյունք կունենանք։ Եթե չեք անում դա, ասում եք՝ վերլուծություններ ենք անում․․․ էդ վերլուծություններով որոշում ենք՝ էսօր էն անենք, վաղը էն անենք, էս պարագայում չենք ունենա այն ամբողջական ներուժային արդյունքը, որը կա»։
Ավետիսյանի դիտարկմամբ՝ կառավարությունը մշտապես խոսում է հարկային վարչարարությունը բարելավելու մասին, ստվերը կրճատելու մասին․ «Եթե դրան հավատում ենք, կան բոլոր նախադրյալները, որ սահմանի վրա ավելացված արժեքի հարկումը ազատենք, կարելի է հարկային մուտքերը բյուջե մի փոքր հետաձգել, բայց դա տնտեսական լուրջ խթան կարող է լինել, որը ոչ միայն արտահանմանը միտված կլինի, նաեւ ներմուծման փոխարինմանը միտված»։
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը պատգամավորի դիտարկում-առաջարկությանն արձագանքեց՝ կառավարության ծրագրում կա նախանշված քաղաքականություն, որ սահմանից ԱԱՀ-ն հնարավորինս պետք է դուրս բերվի, սա ողջունելի է, բայց վերապահումներ են կատարվել․ «Որովհետեւ ԱԱՀ վճարումները մեր հարկային եկամուտների կառուցվածքում իր կշռով առաջին տեղում է եւ դրա մեծ մասը մենք հավաքում ենք ներմուծումից։ Այստեղ պետք է զգուշավոր լինենք, որպեսզի չկայացնենք այնպիսի որոշում, որը վտանգի տակ կդնի հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ