Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արթուր Հովհաննիսյանի արարքներում կա հանցակազմ. գրություն ենք ուղարկելու դատախազին»․ Թագուհի Թովմասյան

Ապրիլ 05,2023 15:24

«Դա պատմական խայտառակություն էր։ ՄԻՊ ընտրությունը նման մթնոլորտում չպետք է անցներ։ ՔՊ-ի պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը եւ սահմանափակեցին խոսքի ազատությունը»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում ապրիլի 4-ին ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականները, այդ թվում Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը, աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Ընդդիմադիր պատգամավորներն այսօր առավոտից քննարկում ունեցան, ինչից հետո Թագուհի Թովմասյանը հայտնեց․ «Առաջին քայլը, որն անելու ենք, գլխավոր դատախազին գրություն ուղարկելն է՝ պահանջելու համար քրեաիրավական գնահատական, որովհետեւ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կա հանցակազմ։ Սպառնալիքները, որոնք նա անթաքույց հնչեցնում էր պատգամավորների ներկայությամբ իմ եւ թեկնածուի հասցեին․․․նա պետք է պատժվի։ Բացի այդ, նիստի սղագրությունը ես թարգմանելու եմ եւ ուղարկելու եմ միջազգային գործընկերներին, որպեսզի տեսնեն, թե թեկնածությունն ինչ մթնոլորտում է քննարկվել։ Մենք գործ ունեինք փողոցային վարքագծի դրսեւորման հետ»։

Թագուհի Թովմասյանն ասաց, որ միջազգային գործընկերներից գնահատական է ակնկալելու, խնդրելու է, որ այդ միջադեպերն իրենք ներառեն իրենց զեկույցներում՝ ցույց տալու համար, թե ինչպիսին չպիտի լինի պատգամավորը։

Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորելուն, Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց՝ հարցը դեռ քննարկում են, որովհետեւ նպատակահարմարության հարց կա․ «Հանձնաժողովի ձեւավորումը կախված է ՔՊ-ի քվեարկությունից։ Երկրորդ, դրա ձեւավորումից հետո անգամ պատիժ չի լինելու։ Բայց մենք հակված ենք կիրառելու այդ գործիքակազմը՝ հասկանալով, որ այն արդյունավետ չի լինի»։

Հարցին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար, ձեր կարծիքով, սիրելիներ ու ոչ սիրելիներ կա՞ն, Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ դա կերեւա իրենց գրությանն ուղղված նրա արձագանքից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Երիտասարդի վարքը չարժե բացատրել ո՛չ գաղափարական դրդապատճառներով (հեղափոխական գաղափարները պաշտպանելը), ո՛չ էլ զգացմունքային (Էդուրդ Ղազարյանին չհանդուրժելը): Երիտասարդը պարզապես սապոնվում էր: Անում էր այն, ինչ անում է իր ողջ խղճուկ կարիերայի ընթացքում: Դրա նմաններին դպրոցում հենց այդպես էլ կոչում էինք. «Սապոն»:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930