Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները. հայտարարություն

Ապրիլ 05,2023 13:37

Հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը։

Համաձայն մամուլի հաղորդումների՝ 2023 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև հանրային վայրում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ վերջինս Ա. Սիմոնյանին տեսնելիս նրան անվանել է «դավաճան»։ ԱԺ նախագահը հրահանգել է իր անվտանգության աշխատակիցներին բռնել Մկրտչյանին, իսկ ինքը, մոտենալով քաղաքացուն, նվաստացրել է վերջինիս՝ հայհոյելով ու թքելով դեմքին։ Դեպքից հետո, Ա. Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ոչ միայն չի զղջացել, այլև արդարացրել է իր արարքը։

Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, իր վարքագծով արդարացնում է հակահասարակական վարվեցողությունը։

Խստորեն դատապարտելով ԱԺ ղեկավարի նման պահվածը՝ պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավորներից, և հատկապես քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը:

Հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությանը՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել տեղի ունեցածը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը։

Տեղի ունեցածը նաև պետք է քննության առարկա դառնա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում՝ խուլիգանության հանցակազմի մասով:

Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերջ դրվի խուլիգանական մեթոդներով հարցեր լուծելու պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ արձագանքելու համար:

ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն 

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Էկոլուր ՀԿ

Իրավունքի ուժ ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ 

Հանրային լրագրության ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930