Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեսուրս կենտրոնները նպաստելու են համընդհանուր ներառականության արդյունավետությանը․ Արթիկում բացվել է մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնը

Ապրիլ 05,2023 12:10

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շիրակի մարզի Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը:

Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, պաշտոնատար այլ անձինք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը համընդհանուր ներառականությունն է՝ հասանելի և մատչելի կրթության ապահովումը:

«Առաջնայինը մանկավարժների կարողությունների զարգացումն է, սակայն ոչ պակաս կարևորություն ունեն նաև շենքային պայմաններն ու գույքային հագեցվածությունը։ Ռեսուրս կենտրոնները, որոնք ստեղծված են ողջ հանրապետությունում, նպաստելու են համընդհանուր ներառականության արդյունավետությանը: Այս ծրագրի շրջանակում ռեսուրս սենյակների՝ չափանիշներին համապատասխան կահավորումն ու վերանորոգումը  համընդհանուր ներառականության ապահովման գործընթացի իրականացումը կդարձնեն առավել հասցեական և նկատելի»։

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքները կշարունակվեն. «Այս ծրագիրը մեզ համար լավ փորձ էր՝ հետագայում համատեղ գործունեություն իրականացնելիս ավելի արդյունավետ աշխատելու և բացառելու բոլոր այն խնդիրները, որոնց բախվեցինք այս ընթացքում»:

ԿԳՄՍ փոխնախարարն իրազեկել է, որ ՏՄԱԿ-ները շուտով սպասարկելու են ոչ միայն դպրոցների ու նախակրթարանների, այլև ուսումնարանների ու քոլեջների շահառուներին։

«Արթիկի» ՏՄԱԿ-ի տնօրեն Լիլիթ Մողդովյանի խոսքով՝ կենտրոնը տարածաշրջանում սպասարկում է 65 դպրոց և 25 նախադպրոցական ուսումնական հաստատություններ: «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում վերանորոգվել են 3 ռեսուրս սենյակ, 2 սանհանգույց, և տեղադրվել է  թեքահարթակ:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ողջունելով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը», որտեղ առաջնային թիրախներից է նաև համընդհանուր ներառականության ապահովումը:

«Գերազանց համագործակցություն ենք ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, ինչը խթան է հանդիսացել, որպեսզի հատկապես գյուղական համայնքներում կարողանանք ներդնել ներառական կրթությունը և տրամադրել բոլոր անհրաժեշտ ծառայությունները»,- ասել է Ռեբեկա Ուայթը՝ հույս հայտնելով, որ համագործակցության շրջանակները կընդլայնվեն, և այլ արդյունավետ ծրագրեր կիրականացվեն։

Հյուրերը շրջել են ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին, դիդակտիկ հագեցվածությանը և գործունեության: ՏՄԱԿ-ում գործում է նաև գորգագործության կենտրոն:

ՏՄԱԿ-ի աաները հանդես են եկել Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի բեմականացմամբ, ինչպես նաև պարային և երաժշտական կատարումներով:

«Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» հնգամյա ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում 27 հանրակրթական դպրոցների վերանորոգում, արտադպրոցական ծառայությունների իրականացման համար գույքի և սարքավորումների տրամադրում, ինչպես նաև 3 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների փոքրածավալ վերանորոգում, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս սենյակների վերանորոգում, կահույքի և կրթական խաղերի տրամադրում։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930