Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին թերագնահատել պետք չէ, բայց ճիշտ չէ նաեւ գերագնահատելը․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 05,2023 11:12

2020 թ. հոկտեմբերին իսրայելցի ռազմաքաղաքական փորձագետ Յակով Քեդմին պարզաբանել էր, թե ինչու է Իսրայելը զինում Ադրբեջանին՝ ընդդեմ Ղարաբաղի։

«Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին՝ օգտագործելով Բաքուն Իրանի հետ առճակատման ժամանակ»,-հստակ ասել էր նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից։ Նման որոշում է կայացրել Երեւանը, քանի որ Թել Ավիվը զենք է մատակարարում Ադրբեջանին։ Սակայն ավելի ուշ Իսրայելի նախագահը հայտարարել էր, որ Բաքվի հետ կնքված պայմանագրերն ուղղված չեն այլ երկրների դեմ։ Քեդմին հիշեցրել էր, որ Իսրայելը երկար ժամանակ Ադրբեջանին մատակարարում է տարբեր զինատեսակներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր եւ փոքր հեռահարության հրթիռային համակարգեր։

Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղում կիրառում է միանգամից մի քանի հարվածային անօդաչու թռչող սարքեր եւ այլ մարտական համակարգեր։ Սա այն է, ինչ կոչվում է քաղաքականություն՝ «անձնական ոչինչ չկա, միայն բիզնես շահ» կեղտոտ պատճառաբանությամբ։ Իհարկե, ընդհանրապես ծիծաղելի է այս բացատրությունը, քանզի մի կողմին ընդդեմ մյուս կողմի զինելը իրականում ոչ միայն բիզնես շահ, այլեւ հեռահար քաղաքական ու ռազմավարական նպատակներ ունի, ընդ որում՝ ոչ միայն պատերազմում ուղղակիորեն ներգրավված կողմերի, այլեւ չներգրավվածների հանդեպ։

Թե մեր տարածաշրջանում ինչ հավակնություններ ունի Իսրայելը, շատ է խոսվել՝ համենայնդեպս, բացահայտ հետաքրքրությունների մասին։ Ռազմաքաղաքական փորձագետը, խոսելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելու մասին, շեշտել էր. «Զենքի մատակարարման առաջին պատճառը նավթն է։ Զենքի մատակարարումը, այսպես ասած, փոխադարձ վճարման ձեւ է»։ Բացի այդ. իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը, ըստ Քեդմիի, ներառում է աշխարհաքաղաքական գործոն․ իսրայելական անօդաչու թռչող սարքերն օդ են բարձրանում Ադրբեջանի օդանավակայաններից՝ «Իրանի վրայով հետախուզական գործողություններ իրականացնելու համար»։ Թել Ավիվն օգտագործում է Բաքվի հետ իր գործընկերությունը տարածաշրջանում Թեհրանին դիմակայելու համար:

Եվ, իհարկե, Իսրայելը Իսրայել չէր լինի, եթե իր բաժին մեղքը չհաներ ու չշպրտեր 44-օրյայի մեկ այլ մեղավորի վրա։ «Իսրայելական անօդաչու թռչող սարքերի առկայությունը Ադրբեջանի զինանոցում գործնականում ոչ մի ազդեցություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Միեւնույն ժամանակ Բաքուն ակտիվորեն շահագործում է նաեւ թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը»,-հայտնել էր Քեդմին։ Ի դեպ, սա այն նույն փորձագետն է, որ մեկնաբանելով ամերիկյան B-52 ռմբակոծիչների թռիչքները Ուկրաինայի վրայով՝ ասել էր, թե նման գործողություններով Վաշինգտոնը փաստացի «մահվան դատավճիռ» է ստորագրել Ուկրաինայի համար։

Ինչեւէ, սա է աշխարհի դրվածքը, եւ իրականությունը փոխել չենք կարող։ Պետք է ընդունենք փաստը. մեր տարածաշրջանը դաժան տարածաշրջան է, եւ այստեղ միայն ուժեղներն են արեւի տակ տեղ վաստակում։ Եվ ձայնի իրավունք են ունենում միայն իրենց տեղը չզիջող երկրները։ Մինչ 2020-ը Հայաստանը ուրիշ պետություն էր, 2020-ից հետո՝ բոլորովին այլ։ Եվ այս բոլորովին այլը չի ենթադրում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք ու թողնենք, որ Ադրբեջանը մնա ՀՀ տարածքում, երբ, որտեղից ուզի՝ մտնի ու ամրանա։ Հարգանքի են արժանանում պայքարող երկրները, եւ ըստ այդ պայքարի էլ փոխվում են միջազգային մոտեցումները՝ իրապես հօգուտ կամ ընդդեմ։ Ապացույցը արցախյան առաջին ազատամարտից հետոյի իրավիճակն էր եւ այն, ինչ ունենք 44-օրյայից հետո։

Այն, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում է եւ, բնականաբար, դուրս չի գա, ինչ է, թե իրեն կոչ են անում, Հայաստանին զրկում է հարգանքից ու ձայնի իրավունքից։ Մենք կանք, չենք մեռել, կարող ենք զենք ձեռք բերել, մեզ պաշտպանող երկրների հետ գործակցել, ոտքի կանգնել։

Ադրբեջանին թերագնահատել պետք չէ, բայց ճիշտ չէ նաեւ գերագնահատելը։ Առավել եւս սխալ կլինենք մենք, եթե ներարկվենք թերարժեքության բարդույթով։ Ոչինչ չի փոխվել, ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը, «իրականում թշնամին նույն թշնամին է, ոնց որ առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արթնացում, էսպես ցնցում, եւ էդ ցնցումը մենք պիտի անենք»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930