Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրեցիները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը

Ապրիլ 05,2023 11:04

Ապրիլի 5-ի առավոտյան ժամը 9-ից Մեղրի համայնքի բնակիչները փակել են Մեղրիի համայնքապետարանի շենքի մուտքը՝ թույլ չտալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման մասնակիցներին ներս մտնել։

«Մենք չենք ուզում թունավորվել։ Մեր հողերը մեզ պետք են։ Լիճքը զբոսաշրջության կենտրոն է»,- ասում էին ցուցարարները՝ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս պատասխանում էին․ «Եկեք հանրային լսումը կազմակերպենք, լսենք բոլոր տեսակետները»։

«Ո՛չ, չենք ուզում ոչ մի հանրային լսում։ 3500 մեղրեցի ստորագրել է, որ դեմ են»,-ասում էին բողոքավորները՝ պնդելով «որ սա Մեղրիի լինել-չլինելու հարցն է»։

«Քաղաքացիական պայմանագրի» Մեղրիի կառույցի ղեկավար Արարատ Թումանյանը խոսեց համաշխարհային հանքավայրերի մասին, որոնց բնակավայրերը հիմա առեւտրի կենտրոններ են։ «Քանի տարի է ՝ Ագարակի կոմբինատն աշխատում է, Ագարակը դրախտավա՞յր է»,-դիմեց բողոքավորներից մեկը Արարատ Թումանյանին։

«Մենք բնակիչներին տեղեկացրել ենք հանրային լսման մասին եւ պետք է լսենք, թե ԶՊՄԿ-ն ինչ է առաջարկում։ Ժողովուրդ ջան, որոշողը դուք եք, ո՛չ ԶՊՄԿ–ն, ո՛չ ես, ո՛չ որեւէ անհատ չի որոշելու։ Դեռ 4 հանրային լսում պիտի լինի։ Ձեր որոշմամբ է ի վերջո ամեն ինչ լինելու»,- հայտարարեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։

«Մենք հավաքվել ենք ներկայացնելու մեր գործունեության մասին, լսելու ձեզ, բայց ոչ այս հարթակում։ Չկայացավ այս լսումը, բոլոր կարծիքները լսեցինք, ձեր առաջարկները հաշվի կառնենք ու հաջորդ լսմանը կներկայացնենք մեր տեսակետը։ Նաեւ այստեղ տրվեցին շատ այլ կազմակերպությունների անուններ, բայց այս անգամ հանքը շահագործելու հայտ է ներկայացրել ԶՊՄԿ-ն։ Այլ կազմակերպություններ չկան»,-ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Վերջինիս հայտարարությունից հետո ցուցարարները ցրվեցին՝ չխափանելով համայնքապետարանի գործունեությունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930