Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին, որ հեռու մնան սփիւռքի ներքին կեանքում անօրինականութիւններ մտցնելուց․ յայտարարութիւն

Ապրիլ 05,2023 10:35
hyd

Յայտարարութիւն ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի

Ամերիկայի Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Լիլիթ Մակունցը Համաձայն «Ասպարէզ» թերթի Ապրիլ 1-ի հաղորդման հանդիպում է ունեցել ինքնզինք «ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ» հռչակած, ծանրակշիռ կուսակցական յանցանքների պատճառով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերից արտաքսուած և հեռացուած անձերից բաղկացած խմբակի երեք անհատների հետ: Նոյն կարգի հանդիպում էր կայացել նոյն ինքնակոչ խմբակի հետ նաև ՀՀ Լոս Անջելըսի Հիւպատոսական անձնակազմի միջոցով Մարտի 21ին:

Հերքելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի մասնակցութիւնը վերոնշեան զոյգ հանդիպումներին, այսու յայտարարում ենք՝

Ա- Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վերջին Ընդհանուր Ժողովը, իր Մարտ 8, 2022 թուականի յայտարարութեամբ յստակօրէն հաստատել է, թէ Միացեալ Նահանգների Արեւմտեան Շրջանի մէջ ո՛վ է գործող միակ դաշնակցական Մարմինը, որը հանդիսանում է Հ․Յ․Դ․ Արևմտեան ԱՄՆի Կեդրոնական Կոմիտէն:

Բ- Եթէ ՀՀ դեսպանատունը իրապէս անտեղեակ է Դաշնակցութեան տեղական մարմինների ինքնութիւնից, որը ինքնին լուրջ մտահոգութիւն է ցանկացած երկրի պետական համակարգի համար, դա հեշտութեամբ կարող էր ստուգել կամ արտգործնախարարութեան միջոցներով կամ ուղղակի Հայաստանում գրանցուած, գործող, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցութեան՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնից կամ Երևանում գտնուող ՀՅԴ Բիւրոյի Գրասենեակից:

Գ- Ինչպէս ՀՅԴ սփիւռքի բոլոր մարմինները, ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ևս միշտ յարգանքի և պաշտօնականութեան որոշակի սահման է պահպանել ՀՀ ներկայացուցչութիւնների հետ: Վերաբերմունք, որը բխում է մեր կողմից իշխանութեան և պետութեան միջև զանազանութեան խորը գիտակցութեամբ: Իսկ ՀՀ դեսպանատունը անցնելով քաղաքական արարողակարգերի, ազգային գիտակցութեան և մինչև իսկ քաղաքավարութեան բոլոր սահմանները իր պաշտօնական էջում ՀՅԴի հետ ոչ մի առնչութիւն ունեցող խմբակին փորձում է ներկայացնել իբրև Արևմտեան Ամերիկայի ՀՅԴ ներկայացուցիչներ:

Դ- Դեսպան Մակունցի այս քաղաքական քայլը չի կարելի պատահականութեան կամ տեղեկատւութեան պակասի վերագրել: Այս բացայայտօրէն գիտակցուած նախաձեռնութիւնը միտում է ապատեղեկատուութիւն և շփոթ առաջացնել Արևմտեան Ամերիկայի համայնքում և նոյն շփոթը տարածել համայն հայութեան շարքերում մինչև Հայաստան, ուր ՀՀ իշխանութիւնները փորձում են բոլոր միջոցներով լռեցնել քաղաքական ընդդիմութեանը երկիրը նոր զիջումների պատրաստելու համար: Սա անընդունելի և կոպիտ միջամտութիւն է սփիւռքի ներքին հարցերում և բացայայտում է թէ Դաշնակցութեանը տկարացնող պառակտիչ հոսանքներն ու ապօրինի խմբակը ի սկզբանէ որ քաղաքական ուղղութեամբ են փորձել առաջնորդել իրենց խաբուած ու մոլորուած փոքրաթիւ հետևորդներին:

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի անունից կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին, որ հեռու մնան սփիւռքի ներքին կեանքում անօրինականութիւններ մտցնելուց և փորձեն քաղաքական հասունութեան որոշ մակարդակ դրսեւորել: Միաժամանակ կոչ ենք անում հայ համայնքին, որպէսզի ի տես այս բոլորին չխարխափեն իրենց նպատակների իրագործման ճանապարհին և համախմբուեն ՀՅԴի շուրջ շարունակելով ամեն կերպ նպաստել Արցախի անկախութեան և Արցախահայութեան ապահովութեան ու անվտանգութեան:

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930