Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյան․ «Այդպիսի մարդը ոչ թե ԱԺ ղեկավարել, այլ դեռ երկար ժամանակ հանրային վայրերում երեւալու իրավունք չունի»․ «Հրապարակ»

Ապրիլ 05,2023 10:30

Ինչո՞ւ է հասարակությունն ուրախանում, երբ բռնության են ենթարկվում խորհրդարանի ղեկավարները։ Զրուցել ենք ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հետ։

– Ալեն Սիմոնյանի հարաբերություններն էլ հանրության հետ բարդ են։ Հիմա էլ նրա դեմ է ուղղվում դժգոհությունը` Փաշինյանի վարած քաղաքականությունից, բայց նրա վարքն արդյո՞ք հրահրող չէ։ Ի՞նչ է նշանակում՝ թքել մարդու վրա։

– Ալեն Սիմոնյանի դեպքում սա պարզ միջադեպ է հանրային վայրում, որին նա անթույլատրելի, ոչ համարժեք պատասխան է տվել։ Այդպիսի մարդը ոչ թե ԱԺ ղեկավարել, այլ դեռ երկար ժամանակ հանրային վայրերում երեւալու իրավունք չունի։ Նա պարսավանքի արժանի մարդ է, նա չպետք է իր կուսակցությանն ու խմբակցությանը դնի ծանր վիճակում։ Արդեն նա իր վերաբերմունքը բռնության հանդեպ ցույց էր տվել, երբ որ Ազգային ժողովում ծեծկռտուք եղավ՝ 2021 թվականի օգոստոսի 24-ին, եւ նա ոչինչ չարեց այն կանխելու համար եւ երբեք չգտավ բառեր՝ դատապարտելու իր քաղաքական թիմակիցներին՝ այդ գարշելի արարքի համար։ Եթե Ալեն Սիմոնյանը մոտ ժամանակներս որքան հնարավոր է արագ չհեռանա պետական բարձրաստիճան պաշտոնից, ապա մնում է, որ նա թագադրվի հանցավոր աշխարհի աստիճանակարգով։

– Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու պահանջ է դրել նաեւ Հայաստանի առաջին նախագահը, որքանո՞վ է հրատապ այդ պահանջը։

– Հրատապ է, որովհետեւ նա շրջապատի, հասարակության համար դարձել է վտանգավոր՝ մարդկանց, երեխաների, մեծահասակների։

– Խորհրդարանի ղեկավարի ինստիտուտի համար կա՞ն ինչ-որ էթիկական կանոններ։

– ԱԺ նախագահը, խորհրդարանի ղեկավարները նույնիսկ ոչ ժողովրդավարական երկրներում ընկալվում են որպես կոմպրոմիսների ունակ, զուսպ, չափավոր անձնավորություն։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում շատ եմ շփվել խորհրդարանների ղեկավարների հետ՝ ե՛ւ եվրոպական, ե՛ւ արաբական աշխարհի, ե՛ւ ԱՄՆ-ի․ այսպիսի անզուսպ խառնվածք ունեցող խորհրդարանի ղեկավար ինձ չի հանդիպել։ Նրանք միշտ համեմատաբար տարիքով են լինում, որպեսզի կենսափորձը նաեւ օգնի, որպեսզի նա ընդունելի լինի նաեւ ընդդիմության համար ու կարողանա գցել կամուրջներ ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Առաջին խորհրդարանում մի նորմ կար, որ խորհրդարանի ղեկավարը որեւէ ֆրակցիայի անդամ չպետք է լինի։ Այդ նորմը որոշ երկրներում հիմա էլ գործում է։

– Իսկ մեզ մոտ վերացավ։ Գուցե դա՞ է պատճառը, որ խորհրդարանի ղեկավարը դարձավ երկրի առաջին դեմքի աջ ձեռքը ու իր վրա է կրում մարդկանց դժգոհությունն առաջին դեմքով։

– Պատճառն իր այդ դիրքի ու կարգավիճակի բացառիկությունն է։ Այլ բան, որ դրանից գործադիրի ղեկավարը կարող է օգտվել եւ հարվածն ուղղել խորհրդարանի վրա։ Ես չեմ բացառում, որ Ալեն Սիմոնյանի այդ անզուսպ խառնվածքից օգտվելով, այդպիսի մի օպերացիա է կատարվում՝ հասարակության դժգոհությունը պարպելու համար։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930