Շաքարային դիաբետի մասին մարդկությանը հայտնի է ավելի քան 3,5 հազար տարի, սակայն հիվանդության բուժման առումով շրջադարձային իրադարձությունը տեղի է ունեցել միայն 100 տարի առաջ՝ 1921 թ․-ի հուլիսի 27-ին։
Դիաբետը նկարագրող առաջին արձանագրություն է համարվում հին եգիպտական պապիրուսը, որը թվագրվում է մ․թ․ա․ 1500 թ․-ին, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ հիվանդացել են դիաբետով դեռ հազարամյակներ առաջ, սակայն միայն ինսուլինի հայտնագործումով է հնարավոր դարձել առաջընթաց գրանցել այդ հիվանդության բուժման մեջ։
Այս «խորամանկ» հիվանդությունը, որն արտահայտվում էր ծարավի անհագուրդ զգացումով ու շատամիզությամբ, հնուց ի վեր բազմաթիվ հարցեր է առաջացրել բժիշկների շրջանում։ Հույն բժիշկ Արեթևս Կապադովկիացին, օրինակ, գտնում էր, որ մարդկանց ոսկորներն ու մկանները «լուծվում ու դուրս են գալիս մեզի միջոցով»։ Հենց նա էլ անվանել է հիվանդությունը․ հին հունարեն διαβαίνω բառը նշանակում է «անցնում եմ, հատում եմ»։
Կարծում ենք՝ ավելորդ է նշել, որ հնում դիաբետով հիվանդ մարդիկ շատ կարճ էին ապրում՝ անցնելով բուժման ամենատարբեր ու դաժան փորձությունների միջով։
Կարդացեք նաև
1869 թ․-ին Բեռլինում երիտասարդ ուսանող Պաուլ Լանգերհանսը, փորձարկելով նոր միկրոսկոպը, ուսումնասիրում էր ենթաստամոքսային գեղձի բջիջները, և նկատում է անսովոր բջիջներ, որոնք նախկինում ոչ մեկի կողմից չէին նկարագրվել՝ «փոքրիկ, կլոր միջուկներով, միատարր կազմությամբ ու բազմանկյուն կառուցվածքով»․ այսպես է նկարագրում Պաուլն այդ բջիջները։ Երիտասարդ գիտնականը, սակայն, լինելով մեծ բացահայտման շեմին՝ չի շարունակում իր գտածոյի՝ ավելի լուրջ ուսումնասիրությունը․ այնուամենայնիվ հենց նրա անունով էին հետագայում կոչվելու այդ բջիջները՝ «լանգերհանսյան կղզյակներ»։
Մի քանի տարի անց գիտնականները ենթադրում են, որ հենց այդ կղզյակներն են արտադրում ֆերմենտը, որը կարևոր է մարսողության համար։ Իսկ այ լեհ-գերմանացի ֆիզիոլոգ Օսկար Մինկովսկին այդ գաղափարը որոշում է հերքել՝ պնդելով, որ ենթաստամոքսային գեղձը ընդհանրապես չի մասնակցում մարսողության գործընթացին։ Որպես ապացույց նա հեռացնում է մի քանի շների ենթաստամոքսային գեղձերը և սկսում հետևել նրանց։ Սկզբում ամեն ինչ այնքան էլ վատ չէր․ շները նորմալ ուտում էին, աղիները՝ գործում։ Բայց շատ ջուր էին խմում և թույլ էին, ինչը կապվում էր վիրահատության հետևանքների հետ։ Սակայն շատ պատահաբար նկատում են, որ այդ շների մեզի վրա անընդհատ մեղուներ են հավաքվում։ Մինկովսկին անալիզի է ենթարկում շների մեզը, և նրա հավակնությունները տապալվում են, քանի որ, ինչպես պարզվում է, մեզի մեջ բարձրացել էր գլյուկոզի մակարդակը, որն էլ գրավել էր մեղուներին։
Ենթաստամոքսային գեղձի ու դիաբետի կապը նկատել է ռուս գիտնական Լեոնիդ Սոբոլևը: Շուտով պարզ է դարձել, որ հիվանդությունը կապվում է հենց Լանգերհանսի կղզյակների քայքայման հետ։ Այդ ժամանակ էլ միտք է առաջանում դեղամիջոց ստանալ կենդանիների ենթաստամոքսային գեղձերից։ Սակայն մինչ ինսուլինի հայտնագործումը դեռ շատ ջրեր էին հոսելու։
1921 թ․-ին հետազոտություններով է սկսում զբաղվել կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը։ Ասում են, թե
նրա մանկության ընկերը հիվանդացել էր դիաբետով ու մահացել, և ընկերոջ թաղման ժամանակ Բանտինգը երդվել է գտնել հիվանդությունը բուժող դեղամիջոցը։ Թեև այժմ դժվար է իմանալ՝ դա ճշմարտություն է, թե հորինվածք, բայց նաև ասում են, որ երիտասարդ և անփորձ գիտնականը վաճառել է իր ողջ ունեցվածքը՝ փորձեր իրականացնելու համար։
Նա սկսում է փորձերը Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Մաքլեոդի լաբորատորիայում իրեն կցված 2 ուսանողների հետ, որոնցից մեկը Չարլի Բեստն էր։ Բանտինգի տրամադրության տակ էին վատ կահավորված լաբորատորիան ու մի քանի շներ, ի դեպ, պրոֆեսոր Ջոն Մաքլեոդն այնքան էլ չէր հավատում նախաձեռնության հաջողությանը։ Նախկինում գիտնականներն արդեն փորձել էին առանձնացնել կղզյակների նյութը, սակայն ՝ ապարդյուն։ Բայց խանդավառ երիտասարդներին դա հաջողվում է։ Շները, որոնք մահանում էին արհեստականորեն ստացված դիաբետից, սկսում են ապաքինվել։ Փորձարկումները շարունակվում են, լաբորատորիան՝ բարեկարգվում, իսկ շների փոխարեն ձեռնարկում են հեռացնել խոշոր եղջերավորների ենթաստամոքսային գեղձերը․ ինսուլինի կարիքը շատ մեծ էր։ 1921 թ․-ի վերջին 3 գիտնականներին միանում է կենսաքիմիկ Բերտրամ Քոլիփը, որի խնդիրը ստացված նյութի մաքրումն էր։
Սկզբում հորմոնն անվանում են «այլետին», այնուհետև առաջարկվում է «ինսուլին» անվանումը՝ լատիներեն insula՝ «կղզի» բառով։
Գիտնականներն առաջին հերթին իրենց վրա են փորձում դեղն ու ողջ և առողջ մնալուց հետո՝ 1922 թ․-ին սկսում իրական պացիենտի՝ Լեոնարդ անունով 14-ամյա տղայի բուժումը։ Տղան խիստ հյուծված էր հիվանդությունից, և առաջին ներարկումը նրա մոտ բուռն ալերգիա է առաջացնում։ 12 օր անց միջամտությունը կրկնում են՝ ավելի լավ մաքրելով ինսուլինը։ Տղան սկսում է ապաքինվել։
Այսպիսով սկսվում է ինսուլինի «հաղթարշավը»։
1920-ական թթ․ սկզբին Տորոնտո են գալիս դիաբետով հիվանդներ ամբողջ աշխարհից։ Իհարկե, առաջին արդյունաբերական ինսուլինը կողմնակի բազմաթիվ ազդեցություններ ուներ՝ ալերգիայից մինչ թարախակալում ներարկման հատվածում։ Դրանից բացի ներարկումները ստիպված էին անել այնքան, որքան սնունդ են ընդունում օրական, և այդ կանոնը, բնականաբար, շատ դժվար էր պահելը։ Երկարատև ազդեցության ինսուլինը կարողացան առանձնացնել սոսկ 1936 թ․-ին։ Մեկանգամյա օգտագործման ներարկիչները ստեղծվեցին 1961-ից հետո։ 1978 թ․-ին գենային ինժեներիայի միջոցով ստացան մարդու ինսուլինը, իսկ 1985 թ․-ի ստեղծվեց ժամանակակից գրիչ-ներարկիչը՝ ավելի դյուրին դարձնելով ներարկումը։
Մարդկության պատմության ողջ ընթացքում ինսուլինը միակ բացահայտումն էր, որի համար Նոբելյան մի քանի մրցանակներ էեն շնորհվել տարբեր տարիներին։ 1923 թ․-ին մրցանակը շնորհում են Բանտինգին ու Մաքլեոդին, որոնք էլ այն կիսում են Քոլիփի ու Բեստի հետ։
1958 թ․-ին Նոբելյան մրցանակ է ստանում բրիտանացի կենսաբան Ֆրեդերիկ Սանգերը, որը որոշել էր ինսուլինի մոլեկուլում ամինաթթուների ճշգրիտ հաջորդականությունը։ Ինչպես պարզվել էր, այն գրեթե նույնական է ոչ միայն մարդկանց ու այլ կաթնասունների մոտ, այլև անգամ ձկների ու թռչունների։ 1964 թ․-ին Նոբելյան մրցանակ է շնորհվում բրիտանուհի Դորոթի Մերի Քրոուֆութ Հոջկինին, որը նկարագրել էր ինսուլինի մոլեկուլի տարածական կառուցվածքը։ Ռ. Ս. Յալոուն Նոբելյան մրցանակ է ստանում ինսուլինի ռադիոիմունային անալիզի համար։
Այսօր դիաբետն ամենևին էլ չի զիջել իր դիրքերը, ընդհակառակը՝ հիվանդությունը գնալով ավելի է տարածվում, ինչին նպաստում են ժամանակակից կենսակերպը, սնունդն ու ռիսկի այլ գործոնները, և այո, մինչ օրս հիվանդությունն անբուժելի է համարվում, սակայն բժշկության մեջ տեղի ունեցած և ոչ մի իրադարձություն այնքան հանկարծակի չի փոխել մարդկանց կյանքը, որքան ինսուլինի հայտնագործումը, որի շնորհիվ այսօր աշխարհում դիաբետով հիվանդ միլիոնավոր մարդիկ կարողանում են ապրել լիարժեք կյանքով։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ