2018 թվականի հունիսի 9-ին ես հարցազրույց էի վերցրել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանից: Ես հիշեցրի, որ մարդիկ, իշխանության մեջ 2-3 տարի լինելուց հետո, կոպիտ ասած, «հաբռգում» են: Ո՞րն է հապա «չհաբռգելու» դեղատոմսը: Փոխվարչապետի պատասխանն այն էր, որ դեղատոմսը նոր Հայաստանի մասին երազանքն է: Իսկ եթե որեւէ մեկի հետ նման բան պատահի, ապա պետք է լինի մեխանիզմ, որն այդ մարդուն կհեռացնի իշխանական համակարգից:
Ինչպես տեսնում ենք, նման մեխանիզմ չկա՝ այսօրվա իշխանական պատգամավորները Շմայսի եւ Թոխմախի Մհերի «արժանի ժառանգներն» են: Պետք է հասկանալ, թե ինչու նման մեխանիզմներ գոյություն չունեն:
Նախ ճշտենք, թե ինչ տեսակի մեխանիզմների մասին է խոսքը: Դժվար թե՝ օրենսդրական: Կարծում եմ, որ իմաստ չկա գրել օրենքներում՝ «չի՛ կարելի թքել մարդկանց դեմքին», «չի՛ կարելի ասել «սաղին շինելու ենք», «չի՛ կարելի լեզու կտրելու սպառնալիք հնչեցնել»: Ամեն մի խուլիգանություն եւ լկտիություն հնարավոր չէ նախատեսել օրենքով: Խոսքը, հետեւաբար, այն մասին է, որ մարդկանց, եւ հատկապես պաշտոնյաների վարքը պետք է սահմանափակվի հասարակության թելադրած էթիկական նորմերով: Իսկ եթե նման թելադրանք չկա՞: Դուք տեսնո՞ւմ եք այդօրինակ վարքի հանդեպ հասարակական համընդհանուր անհանդուրժողականություն: Ես, օրինակ, չեմ տեսնում:
Կարդացեք նաև
Ես, հակառակը՝ տեսնում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասին դա դուր է գալիս: Որ դա ոչ միայն չի վարկաբեկում իշխանությանը, ինչպես կարծում է առաջին նախագահը, այլեւ բարձրացնում է դրա վարկանիշը: Որ հիմնական արձագանքն է՝ «Վայ, ապրես դու, մեռնեմ դուխիդ, դրանց հասնում է: Բա լա՞վ էր, 30 տարի երկիր էին թալանում»:
Ինչի՞ց եմ ես ենթադրում, որ ներկայիս իշխանությունների վարքը մեր քաղաքացիների մեծամասնությունը ողջունելի է համարում: Նրանից, որ պատերազմում պարտվելով եւ արտաքին քաղաքականությունը ձախողելով, նրանք շարունակում են մեզ իշխել: 2021 թվականի հունիսին արդեն միանգամայն պարզ էր, թե ում հետ գործ ունենք, բայց 680 հազար մարդ նրանց ձայն տվեց: Եվ ամբարտավան վարքը ոչ միայն չի խանգարում, այլեւ օգնում է նրանց:
Ամեն ինչ օրինաչափ է: Խուլիգաններն ընտրում են խուլիգաններին, տգետները՝ տգետներին, լկտիները՝ լկտիներին, զազրախոսները՝ զազրախոսներին: Առկա է իշխանության եւ «ժողովրդի» կատարյալ ներդաշնակություն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ժողովրդավարութիւն:
Ժողովրդին դժվար է մեղադրել, այլընտրանք չեն տեսնում, թե՞ կա…, եթե չկա ապա ինչու՞ բամաթիվ ժողովուրդներ ունեն այդ ընտրության հնարաորությունը, մենք չունենք: Իմ համոզմամբ 1994թ.-ին մենք բոլորով(ՀՀ, ԱՀ, սփյուռք) քնել ենք և դեռ լիովին չենք արթնացել………..
«Ժողովրդին դժվար է մեղադրել»ու հետ, համաձայն եմ: Սակայն 1994-էն սկսեալ, լրիւ քնացած չէինք, սակայն բաւարար կարեւորութիւն, առաջնահերթութիւն չտուեցինք՝ ժողովուրդի ազգային դաստիարակութեան: Արդիւնաւէտ միջոցներով:
Աւելի ընդլայնուած եւ հիմնաւորուած ՝
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02mN1U7Vfz7HvCNSNn8cPRiinhn8X2FRm1fKcUfoPWsPwKSWfGKt8JxRs34hGwWUm7l&id=100063953917374
Բարոյական իմաստով, մեծ հաշվով, բոլորը, այդ թվում՝ իրենց մտավորական համարողները, Շմայսի, Թոխմախի Մհերի և նրանց նմանների ժառանգներն են։ Պարզապես տարբեր աստիճանի հեռավորության վրա վայրիությունից և ստոր բնազդներից: Այս առումով մեր համաքաղաքացիները ոչ լավն են, ոչ էլ ավելի վատը, քան այլ ժողովուրդների ներկայացուցիչները։ Ամենուր մոտավորապես նույնն է, բայց ինչ-որ տեղ ավելի լավ է
ծածկվում թվացյալ քաղաքավարությամբ և արտաքին պատշաճության պահպանմամբ:
Իմ կարծիքով – եւ փորձառութեամբ -, արդար չէ, այս արժեւորումը:
Մտաւորականը չի կրնար այդ արարածների «ժառանգորդ»ը հանդիսանալ:
Սակայն այդ տեսակի մարդիկը մէջտեղ կու գան, կը գոյանան եւ կը գոյատեւեն, մտաւորականների սխալների պատճառով:
Թոխմախի Մհերը երբեք իրեն թույլ չէր տա ոստիկաններին կարգադրել բռնել ինչ որ մեկի ձեռքերը,որ ինքը կարողանա թքել այդ մարդու երեսին։
Ալեն Սիմոնյանի արածը ամենաստոր մարդու արածն է։
Լաւ ծանօթ չեմ «Թոխմախի Մհեր»ին, սակայն իր պատկերաւոր անունը գաղափար մը կու տայ, թէ ինչ տեսակի մարդու մասին է խօսքը:
Բաղդատականը վիճելի է:
Արդարեւ, այժմու իշխանաւորների անկիրթ եւ անվայել պահուածքին, խօսքերուն ու վարքագիծին էական պատճառ այն է, որ դրա շնորհիւ է որ իրենք կարողացան դարձալ իշխանաւոր, մնացին իշխանաւոր, եւ կը մնան իշխանաւոր: Այսինքն, անդարմանելի է այդ վիճակը: Այդ գետնի վրայ որեւէ ինքնասրբագրութիւն, իրենց համար, համազօր է քաղաքական ինքնասպանութեան:
Սակայն ընդդիմադիրները անտեսում են, այս մինչդեռ որքան պարզ ու ակնյայտ տուեալը: Սրանց դէմ ուզում են պայքարիլ՝ օրէնքներով, Սահմանադրութեամբ…
Այս մասին ալ, ահա բացատրական վերլուծում մը՝
«Էլի ու դեռ շուարած հակայեղափոխականները»
https://haytougchamlian.home.blog/2023/02/28/էլի-ու-դեռ-շուարած-հակայեղափոխականնե/
Հասուն ժողովուրդ էլ կա, անչափահաս ”ժողովուրդ” էլ, երկուսն էլ մեր ազգ ընտանիքի երեխաներն են, երկուսին էլ պետք է սիրենք, փայփայենք, դաստիարակենք ու կրթենք եւ հասուն ժողովրդի օգնությամբ ազատագրենք մեր սիրելի անչափահաս ”ժողովրդին” չակերտներից: