Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանի հունվարի 10-ի որոշման մասին կողմը տեղեկացել է մարտի 30-ին

Ապրիլ 05,2023 14:00

Ազգագրական երգերի կատարող, բանահավաք, «Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանը դեռ հունվարի 9-ին էր սպասում իր տան գործով դատարանի որոշմանը եւ մենք այդ մասին տեղեկացրել էինք հունվարի 13-ի «Առավոտի» հրապարակմամբ («Դատարանի որոշմամբ արգելվել է 12 հարկանի շենքի կառուցումը ուրիշի սեփականության հաշվին»): Դատարանը պարբերաբար Ա. Մանուկյանի ներկայացուցիչներին հայտնել է, թե «ծանրաբեռնված է» եւ որոշման հետաձգումը պայմանավորված էր իբր դրանով: Մարտի երեսունից նոր թափով սկսվում է տասներկու հարկանի շենքի շինաշխատանքները Ա.Մանուկյանի սեփական տանը կից: Պարզվում է՝ «հունվարի 10» թվագրությամբ դատարանը որոշում է կայացրել՝ վերացնել դատարանի հունիսի տասնյոթի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, բավարարել Տիգրան Խուրշուդյանի միջնորդությունը՝ «հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին»: Ըստ Խուրշուդյանի, դատարանի նախորդ որոշումը հանգեցրել էր իրավաբանական անձ համարվող շինարարություն իրականացնող ընկերության գործունեության փաստացի անհնարինությանը, նրա գործունեության համար ստեղծվել են էական խոչընդոտներ:

Հիշեցնեմ, որ դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի միջնորդությունը` կիրառված հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին, ամբողջությամբ դատարանը մերժել էր:

Ուշադրության արժանի է այն, որ շինարությունը թե դադարեցնողը, թե թույլատրողը նույն դատավորն է՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը…

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը

Սահմանադրական դատարանը դեռ 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու եւ երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան` ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից` կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ եւ ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք եւ բավարար հիմքեր` մյուս կողմի իրավունքները եւ ազատությունները մինչեւ դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը` հայցվորի պահանջը բավարարելու դեպքում: Ըստ ՍԴ-ի՝ բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքները թույլ են տալիս եզրակացնել, որ պահանջի բավարարման դեպքում դատական ակտի կատարումն անհնարին կամ դժվար է լինելու` իմաստազրկելով այն ողջ գործընթացի տրամաբանությունը, որով անցել է անձը դատարան դիմելու եւ իր պահանջի բավարարում ստանալու համար, հայցի ապահովման միջոց կիրառելը իրավաչափ է եւ ընդունելի: Այլ է հարցը, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդրությամբ նշված հիմքերի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս դատարանն ինչ տրամաբանությամբ եւ ինչ սկզբունքներով է առաջնորդվում: Սահմանադրական դատարանը կարեւորել էր, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` prima facia հայցագնի հիմնավորվածությունը (դրամական պահանջների դեպքում), որոշակի գործողությունների կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու անհրաժեշտության հիմնավորվածությունը (գործողություններ կատարելը պարտավորեցնելու կամ արգելելու դեպքերում), գույքի նկատմամբ ունեցած իրավունքների հավաստումը (գույքի իրացումը կասեցնելու կամ գույքի վրա արգելանք դնելու դեպքերում): Սահմանադրական դատարանն արձանագրել է նաեւ, որ օրենսդրությամբ նախատեսված են իրավակարգավորումներ ինչպես հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ դիմելու հնարավորության, այնպես էլ հակընդդեմ ապահովման վերաբերյալ: Իսկ Վերաքննիչ դատարանը, երբ քննում էր այս գործով շինընկերության բողոքը, արձանագրել էր. «հակընդդեմ ապահովման ինստիտուտն ուղղված է գործին մասնակցող այն անձի շահերի պաշտպանությանը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց»:

Ի՞նչ պահանջներով Մանուկյանի ներկայացուցիչը դիմեց դատարան

Հայցվոր Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ պատասխանող «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին: Դատարանի 17.06.2022թ. որոշմամբ հայցվոր Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանի միջնորդությունը բավարարվել էր եւ կիրառվել հետեւյալ հայցի ապահովման միջոցները` «Արգելել պատասխանող «Օկտագոն» սպառողական կոոպերատիվին եւ այլ անձանց իրականացնել կառուցապատման եւ շինարարական աշխատանքներ Երեւան քաղաքի Կենտրոն, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/9 հասցեում գտնվող եւ Երեւան քաղաքի Կենտրոն, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցեում գտնվող հողամասերի վրա՝ մինչեւ սույն գործով եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը»:

22.07.2022թ. դատարանում ստացվել է հակընդդեմ ապահովում տրամադրելու մասին «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի կողմից ներկայացված միջնորդությունը: Երեւան քաղաքի դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի` 2022թ. հուլիսի 25-ից հերթական արձակուրդում գտնվելու կապակցությամբ, միջնորդության քննությունն ապահովելու նպատակով այն դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Մարտիրոսյանի կողմից մակագրվել է նույն դատարանի դատավոր Հ. Ղազարյանին: Երեւան քաղաքի դատարանի դատավոր Հ. Ղազարյանի 16.08.2022թ. որոշմամբ թիվ ԵԴ/23833/02/22 քաղաքացիական գործով պատասխանող «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի ներկայացուցչի միջնորդությունը` հակընդդեմ ապահովում պահանջելու մասին, մերժվել էր:

Դատարանի 17.06.2022թ. «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշմամբ բավարարվում է հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը եւ արգելվում պատասխանող «Օկտագոն» ՍԿ-ին եւ այլ անձանց ք. Երեւան, Կենտրոն, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, թիվ 5/9 եւ թիվ 5/4 հասցեներում կատարել որեւէ գործողություն եւ(կամ) շինարարական աշխատանքներ: Դա նշանակում էր, որ Մանուկյանների սեփական տան պատերը առժամանակ չեն քանդվի, ճեղքեր չեն առաջանա, լույսի դեմը չի փակվի…

Արժի հավանաբար հիշեցնել Տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները՝ «Էքսպերտ Ընդվայս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագիտական եզրակացությունը եւ «Լավո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրավախախտում կատարելու փաստը, Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ապրիլի 21-ի N ՔՏՄ/11.04/5856-22 գրությամբ առաջարկվել է Երեւան համայնքի ղեկավարին կասեցնել 22.12.2021 թվականին տրամադրված N 01/18-130064-2232 շինարարության թույլտվությունը: Պարտավորեցնել կառուցապատող ընկերությանը քաղաքաշինական փաստաթղթերը իրավաչափ փորձաքննության ենթարկելու ուղղությամբ, սակայն մինչ օրս Երեւան համայնքի ղեկավարի կողմից «անհայտ շարժառիթով չի կասեցվել շինարարության թույլտվությունը եւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ քաղաքաշինական փաստաթղթերը լրամշակելու ուղղությամբ»:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունն էր հրավիրել նախագծային վերոգրյալ բազմաթիվ խախտումների առկայության պարագայում նախագծի՝ պետական համալիր փորձաքննություն անցնելու մասին, այն ստացել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021թ. մայիսի 17-ի N 38-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ իրականությանը չհամապատասխանող հ. 31/14 դրական եզրակացությունը՝ որը փաստացի հանդիսացել է շինարարության թույլտվություն տրամադրելու համար իրավունք վերապահող փաստաթուղթ:

Տեսչական մարմնի դիտարկմամբ՝ վերոգրյալ խախտումների ամբողջությունն իրենից որակական եւ քանակական հատկանիշներով բնութագրվում են հանրորեն բարձր վտանգավորությամբ:

2022 թվականի հոկտեմբերի 7-ին նախագահող դատավոր Ա. Խառատյանի վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով:

Շինարարություն իրականացնող ընկերությունը ընդունել էր, որ «շինարարությունը մի մասով իրականացվում է Անդրանիկ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա»:

Շինընկերությունը հայտնել էր, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում ունի վարկ, սակայն ըստ Ա. Մանուկյանի փաստաբանի, «որեւէ նշում չկա այդ վարկի նպատակային լինելու վերաբերյալ, ուստի բացակայում է այն ապացույցը, համաձայն որի՝ նշված վարկային միջոցներն ուղղված են հենց այդ կառուցապատմանը»:

Ընկերությունն ակնարկել էր աշխատողների աշխատավարձերի տրամադրման անհնարինությունը, սակայն ըստ Ա. Մանուկյանի փաստաբանի. «հայտնի չէ, թե էլ ինչ գործունեություն է իրականացնում կոոպերատիվը, ուստի աշխատակիցներին աշխատավարձ տալը հանդիսանում է ընկերության պարտավորությունը եւ որեւէ կապ չունի կիրառված հայցի ապահովման հետ»:

Դատարանի այս որոշումը կբողոքարկվի, Ա. Մանուկյանը մտադիր է դիմել Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին, ստեղծագործական միություններին՝ իր, ընտանիքի, կյանքի անվտանգության, ստեղծագործական գործունեությանը սպառնացող վտանգի դեմն առնելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930