Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտասահմանում առավել հայտնի հայ սոպրանոն ցանկություն ունի Երեւանի օպերային թատրոն մուտք գործել Անուշով

Ապրիլ 05,2023 13:30

«Առավոտը» երբեմն անդրադառնում է մեր այն արվեստագետներին, որոնք դրսում կարծես ավելի ճանաչված անուն են, քան մեզ մոտ։ Պատճառը մեկն է. նրանք ավելի հաճախ բեմ են բարձրանում արտասահմանում։ Հերթական նման արվեստագետը հմայիչ սոպրանո Հասմիկ Հարությունյանն է։ Նա վերջերս է վերադարձել Ֆրանսիայում եւ Բելգիայում ունեցած հյուրախաղերից։ Երգչուհու բեմական գործունեությունը հաշվվում է տասը տարի, որի ընթացքում սոպրանոյին Հայաստանում հանդիպել ենք «Օպերա Վիվա» վոկալ քառյակի կազմում եւ «Արշակ Բուրջալյան» թատերախմբի (ղեկավար եւ ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան) ներկայացրած Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ հերոսուհու դերերգով։ Ընդ որում, նշյալ վոկալ քառյակի կազմում երգչուհին հանդես է եկել նաեւ Արցախում, Գերմանիայի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքներում, իսկ Անուշի դերերգով հիացրել է ոչ միայն երեւանցի, այլեւ մեր մարզերի ու արցախցի հանդիսատեսին։ Հանրապետական եւ միջազգային մրցույթներում դափնիների արժանացած երգչուհին մենահամերգներ է ունեցել Ավստրիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում եւ այլն, որոնք տեղի են ունենում եւ դաշնակահար-կոնցերտմայստերների, եւ նվագախմբերի ուղեկցությամբ։

Երեւանյան նրա վերջին մենահամերգը փետրվարի 19-ին էր՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որի ընթացքում արվեստագետն (դաշնակահար-կոնցերտմայստեր՝ Տիգրան Բերկելյան) իր ականջահաճո սոպրանոյով ներկայացրեց հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ արձագանքին։ Ընդ որում, այդ մենահամերգը Ֆրանսիա եւ Բելգիա մեկնելուց ժամեր առաջ էր եւ մենք չկարողացանք զրուցել նրա հետ։
«Մարսելում այս այցիս մենահամերգ ունեցա «Սուրբ Սահակ-Մեսրոպ», իսկ Բրյուսելում՝ «Հայի տուն» մշակութային սրահներում։ Հյուրախաղերի կազմակերպիչները սովորաբար ինձ գտնում են համացանցից, եղել են դեպքեր, երբ հրավերը ստացել եմ հայաստանյան տարբեր միջոցառումներին ներկա օտարազգի եւ սփյուռքահայ համերգային գործակալներից»,- ասաց Հասմիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե չունենալով պրոդյուսեր, ինչպե՞ս է բուռն գործունեություն ծավալում արտասահմանում։

Վերջին տարիներին հայ երգչուհու անունը կարծես ավելի հաճախ է ներկայացվում բուլղարական հայտագրերում։ Նա ոչ միայն հանդես է եկել բուլղարացի այնպիսի օպերային աստղերի հետ, ինչպիսիք են Վալերի Գեորգիեւը, Իվայլո Միխաիլովը, Անդրեա Միրչեւը, այլեւ փոփ աստղերի՝  Վասիլ Պետրով, Գերասիմ Գեորգիեւ եւ այլն։ Այս առիթով մեր զրուցակիցն ընդամենն ասաց, որ ավելի քան հինգ տարի համագործակցում է Բուլղարիայում ՀԲԸՄ-ի Սոֆիայի մասնաճյուղի հետ։

Հետաքրքրությանը՝ հնարավո՞ր է երբեւէ իրեն տեսնել Երեւանի օպերային թատրոնում, ասենք՝ հենց Անուշի դերերգով, մեր զրուցակիցը չթաքցրեց, որ ունի նման ցանկություն եւ նշյալ դերերգով է ուզում մուտք գործել թատրոն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930