Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ծնողը վիրավորում է երեխային, ավելի խոցելի է դարձնում»

Ապրիլ 05,2023 12:30

Կամ՝ արդյո՞ք ծեծը դաստիարակման միջոց է

20-ամյա Ա.Ս.-ն (իր խնդրանքով անունը չենք նշում) տխուր հիշողություններ ունի մանկությունից, ասում է՝ ծնողները երբեմն ծեծում էին երեխա ժամանակ, այդպես էին փորձում դաստիարակել, ինչն էլ հոգեբանական ընկճվածության էր հանգեցնում:

Կան ծնողներ, որոնք ծեծը երեխաների դաստիարակման համար դեռեւս ամենահարմար եւ արդյունավետ դաստիարակչական մեթոդն են համարում: Սակայն բազմաթիվ մասնագետներ փաստում են, որ ծեծը չի կարող ծառայել որպես դաստիարակման միջոց: Հոգեբան Անուշ Կարապետյանը նշում է. «Ծեծը երեխաների դաստիարակման միջոց չի կարող ծառայել, բացի ծեծից՝ բռնություն է համավում նաեւ երեխային վիրավորելը, որը վերբալ (խոսքային) բռնություն է»: Այն հարցին, թե որ տարիքային խմբերն են հիմնականում բռնության ենթարկվում, հոգեբան Անուշ Կարապետյանը պատասխանեց՝ ավելի շատ նախադպրոցական եւ կրտսեր դպրոցականները:

Մեր զրուցակից Ա.Ս.-ն նշում է, որ իր հանդեպ երեխա ժամանակ հիմնականում հոգեբանական բռնություն է կիրառվել, ինչի պատճառով, այսօր ամեն ինչից շուտ է բորբոքվում, նեղվում է մթությունից, բարձր ձայներից:

Այն հարցին՝ տղա՞ երեխաներն են հիմնականում ենթարկվում բռնության, թե՞ աղջիկ, հոգեբան Անուշ Կարապետյանը պատասխանեց.  «Երեւի թե ավելի շատ տղաները` ելնելով նրանց ավելի ակտիվ եւ չարաճճի լինելուց»:

Հոգեբան Գայանե Մինասյանի հետ նույնպես խոսեցինք թեմայի վերաբերյալ: Նա ասաց, որ կդժվարանա պատասխանել, թե որ սեռի երեխաներն են ավելի շատ ծեծի ենթարկվում, քանի որ նման հետազոտության տվյալներ չունի:

Հարցին՝ եթե ծնողները ծեծը, այնուամենայնիվ, ծառայեցնում են որպես դաստիարակման միջոց, ապա այդ ամենը հիմնականում արտահայտվում է տղամարդկա՞նց, թե՞ կանանց կողմից, Անուշ Կարապետյանը պատասխանեց. «Կան ընտանիքներ, որտեղ կանայք են մշտապես զբաղվում երեխայի դաստիարակությամբ։ Բնականաբար, նրանք էլ կարող են բռնության դիմել, բայց կան նաեւ ընտանիքներ, որտեղ չկայացած տղամարդը, մշտապես կամ հաճախ տանը լինելով՝ բռնություն է գործադրում երեխայի վրա: Ընդ որում, ամուսինների դեպքում եթե մեկը բռնարար է, մյուսն էլ կարող է պասիվ բռնարար լինել»:

Նույն հարցին Գայանե Մինասյանն այսպես պատասխանեց. «Այս հարցը հստակ եւ ստույգ տեղեկատվություն է պահանջում։ Ես ընդհանուր եմ անդրադարձել այս ամենին: Նշեմ, որ մայրերն ավելի շատ ժամանակ են անցկացնում երեխաների հետ, հենց իրենց կողմից էլ ավելի շատ կարող է ծեծելու ցանկություն առաջանալ, բայց դա փաստելու համար միանշանակ հարկավոր է հետազոտել»:

Անուշ Կարապետյանի ձեւակերպմամբ. «Պարբերաբար ծեծի ենթարկվելու դեպքում երեխայի մոտ առաջանում է ագրեսիա: Արտաքին օբյեկտ չգտնելու դեպքում ինքնագրեսիայի արդյունքում ձեւավորվում է սադիստ-մազոխիստ տիպի անձ, որն ունենում է ցածր ինքնագնահատական: Նման մարդիկ դժվարանում են հարաբերություններ կառուցել, հետագայում նրանք նույնը կարող են կրկնել իրենց երեխայի հետ»:

Հոգեբան Գայանե Մինասյանի խոսքով. «Անդադար ծեծի ենթարկված երեխայի մոտ կարող են առաջ գալ բարդույթներ՝ ընդհուպ մինչեւ թերարժեքություն, տագնապ, վախ, ագրեսիա, եւ դա չի կարող չազդել երեխայի բնավորության, խառնվածքի, հույզերի ու ապրումների վրա»:

Մարինե Հայրապետյանը, որ երկու երեխաների մայր է, նշում է. «Ինձ համար անընդունելի է երեխային ծեծելը: Ինքս, երբ բարկանում եմ, անգամ չեմ վիրավորում երեխաներիս, այդ պահին ուղղակի լռում եմ, ինչն էլ ավելի է ազդում, որպեսզի երեխաներս հասկանան իրենց սխալը: Երբ ծնողը վիրավորում է երեխային, ավելի խոցելի է դարձնում»:

Նա ասաց, որ երեխաներին դաստիարակելու հատուկ մշակված մեթոդներ չունի, ուղղակի ինքն ու ամուսինը զրուցում են երեխաների հետ, թույլ տալիս արտահայտել իրենց մտքերը, փորձում են ընկերություն անել նրանց հետ:

Հոգեբան Անուշ Կարապետյանը կարծում է, որ երեխային պետք է բացատրել ցանկացած արարք եւ ծանոթացնել դրա հնարավոր հետեւանքի հետ: Հոգեբան Գայանե Մինասյանի խոսքով, երեխան պետք է ականատես լինի, զգա, որ ունի առողջ ու ջերմ ընտանիք, որտեղ միմյանց սատարում են, այլ ոչ թե սխալ արարքի կամ թերության համար միմյանց վիրավորում ու ծեծում: Հոգեբաններն ընդգծում են, որ դաստիարակման լավագույն միջոցը ծնող-ընկեր-երեխա եռանկյունն է, լավագույն «դեղատոմսը»՝ ծնողական սերը:

Ստեֆանի ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930