Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեհրան-Բաքու սրված լարվածություն

Ապրիլ 05,2023 12:00

Հայաստանի հետ սահմանի փոփոխության վտանգը, Իսրայել-Ադրբեջան խորացող հարաբերությունները Իրանում իրական սպառնալիք են համարում

Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին, շարունակաբար վստահեցնում են Իրանից, Ադրբեջանից` հակադարձում են` իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։ Վերջին օրերին Իրան-Ադրբեջան դիվանագիտական փոխհրաձգությունները գագաթնակետին են հասել:

Անցյալ շաբաթ Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին դիմելով Ադրբեջանին հայտարարեց, թե Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում եւ դիմակայելու է դրան: Ապա նա հավելեց, որ Կովկասում առկա զգայուն հարցերից մեկն է նաեւ սիրիացի ահաբեկիչների առկայությունը, որոնք տարածաշրջան են տեղափոխվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Պաշտոնական Բաքուն զրպարտություն որակեց վերոնշյալ մեղադրանքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդեց, թե «Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան», եւ Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքները «անհիմն եւ անընդունելի են»։

Իրանցի գեներալը նաեւ շեշտել է, որ Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին։ Բաքվից կրկին մեղադրանքներ են տեղացել, թե իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։ Մինչդեռ Ադրբեջանին ՊՆ-ից հակադարձեցին. «Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան եւ Իրանը Հայաստանի հիմնական դաշնակիցներն են աշխարհում»։

Անցյալ շաբաթ Իրանից խորհրդարանականները բարձրաձայնում էին Արցախում Ադրբեջանի առաջխաղացմամը, վերահաստատում իրենց երկրի դիրքորոշումը` Հայաստանի սահմանների անխախտելիության վերաբերյալ: Ինչպես հայտնում էր իրանագետ Ժաննա Վարդանյանը, Իրանի խորհրդարանում Թավրիզից ընտրված պատգամավոր Ալիռեզա Մոնադին, անդրադառնալով Ադրբեջանի հնարավոր հարձակմանը, նշել էր. «Ալիեւին կոչ ենք անում համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս պայմաններում նման գործողություններով չվտանգել իր ժողովրդի կյանքն ու անդորրը… Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ սահմանը վերանա: Հայաստանը եւս ցանկանում է, որ այդ սահմանը գոյություն ունենա, ուստի այս առումով որեւէ մեկը չի կարող թյուր կարծիք ունենալ: Այս խնդիրը մեզ համար ոչ թե երկրի, այլ գումարտակի մասշտաբով լուծելու հարց է»:

Ըստ իրանագետի, Իրանի խորհրդարանի պատգամավոր Հոսեյն Մալեքին էլ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի դիրքային առաջխաղացմանը, նկատել էր. «Լաչինի հյուսիսում համաձայնեցված շփման գիծը հատելու Ադրբեջանի բանակի գործողությունը սիոնիստների չարագործությունն ու դավադրությունն է, քանի որ նրանք ցանկանում են Իրանի սահմաններին խնդիրներ ստեղծել եւ երկրներին իրար դեմ հանել։ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա 2020թ. հրադադարի համաձայնությանը եւ դրան հակասող գործողություններ չձեռնարկի»:

Իրանից հնչող մտահոգությունների համար անցած օրերին պարարտ հիմնավոր առիթներ կային: Երեք տասնամյակ շարունակվող դիվանագիտական հարաբերություններից հետո օրեր առաջ Ադրբեջանն առաջին դեսպանատունը բացեց Իսրայելում, որը երկու երկրներում պատմական քայլ անվանեցին` ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ:

«Մեր երկկողմ փոխշահավետ հարաբերությունն է՛լ ավելի կխորանա այս պատմական այցից հետո։ Կեցցե ադրբեջանա-իսրայելական ամուր եւ խորացող համագործակցությունը»,- Թվիթերում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը` նկատի ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցն Իսրայել:

«Դեսպանատուն բացելու որոշումը ցույց է տալիս, թե որքան խորն է մեր երկրների միջեւ ռազմավարական համագործակցությունը, որը անցած երեսուն տարում աստիճանաբար վերաճել է քայլերի սերտ համակարգման, որի ականատեսն ենք այսօր։ Իսրայելի կառավարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին՝ այս հարցում նման որոշում կայացնելու համար»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի` նշել է արտգործնախարար Կոենը։

Իսրայելի արտգործնախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսում նախեւառաջ խիստ կարեւոր փաստն ընդգծեց. Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում, որն, ունենալով շիա մեծամասնություն, սեփական դեսպանատունն է բացում Իրանի վաղեմի հակառակորդ Իսրայելում, ասաց նա, իր հերթին էլ Իրանի ուղղությամբ մեղադրանքներ հնչեցնելով. «Իսրայելն ու Ադրբեջանը համակարծիք են Իրանից եկող վտանգների հարցում։ Իրանական ռեժիմը սպառնում է մեր երկու տարածաշրջաններին, ֆինանսավորում է ահաբեկչությունը եւ ապակայունացնում ողջ Մերձավոր Արեւելքը։ Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի թույլ չտանք Իրանին զարգացնել միջուկային հնարավորությունները։ Դա պետք է անել քաղաքական ու տնտեսական միջոցներով՝ միաժամանակ կազմավորելով վստահելի եւ վճռական զինված ուժեր»։ Սա հնչեց մի երկրի պաշտոնյայի շուրթերից, որն Ադրբեջանին զենք մատակարարող առաջատար երկրներից մեկն է։

Բայրամովն իր հերթին շեշտեց, որ Իսրայելի հետ համագործակցությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում տարիների պատմություն ունի եւ առաջիկայում էլ ավելի է խորանալու. «Այսօր մենք քննարկել ենք այդ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հարցը։ Կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության վրա: Բայրամովը հատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված աջակցության համար, ընդգծելով. «Իսրայելը մեր կողքին էր թե պատերազմից առաջ, թե այդ ընթացքում»։

Բայրամովը հանդիպել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ նրա հետ քննարկելով ռազմական ոլորտում գործակցությունը շարունակելու վերաբերյալ հարցեր: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի` հիմնվելով պաշտպանության, ռազմատեխնիկական ոլորտներում երկու երկրների գործակցության բարեհաջող փորձի վրա՝ Իսրայելի պաշտպանության նախարարը նշել է, որ «այդ ոլորտում հետագա գործակցությունն ընդլայնելու համար կարեւոր է օգտագործել ունեցած ներուժը»: Կողմերը նաեւ քննարկել են պաշտպանական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում գործակցությունն ընդլայնելու, այդ թվում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր: Բայրամովը Գալանտին տեղեկացրել է հետպատերազմյան շրջանում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի եւ «տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու Ադրբեջանի ջանքերի» մասին:

Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ջերմության ու խորության մակարդակը հաստատող հայտարարությունների ֆոնին` Իրան-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման մասին է վկայում արդեն տեւական ժամանակ ընթացող համացանցային պայքարը: Ադրբեջանում որեւէ առիթ բաց չեն թողնում Իրանի ուղղությամբ մեղադրանքներ հնչեցնելու:

Ադրբեջանում օրեր առաջ տեղի ունեցած մի իրադարձություն, կարծես, պաշտոնական առիթ դարձավ, որպեսզի Բաքվից ուղիղ Թեհրանին մեղադրեն:

Մարտի 29-ին հայտնի դարձավ, որ զինված հարձակման է ենթարկվել Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղի ունեցածը ահաբեկչություն անվանեց: Լրատվամիջոցները հաղորդում էին, որ դա Ադրբեջանում վերջին 27 տարվա ընթացքում առաջին զինված հարձակումն է պատգամավորի դեմ։ Ըստ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ Մուստաֆայի տան մոտ անհայտ անձը «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակոցներ էր արձակել մեքենայում գտնվող պատգամավորի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով վերջինս հրազենային վնասվածքներ էր ստացել։

Հայտնի է, որ Մուստաֆան Ալիեւների ընտանիքի կառավարման սկզբնական ժամանակաշրջանում հանդես էր գալիս ընդդիմության կոշտ դիրքերից, սակայն, տարիներ անց նա անցել էր` «կառուցողականների ճամբար», եւ ծավալել պատգամավորական գործունեություն։ Իսկ 2008-ին նույնիսկ մասնակցել էր նախագահական ընտրություններին։

Ուշագրավն այն է, որ Մուստաֆան վերջին տարիներին աչքի է ընկել հարեւան Իրանի դեմ քննադատությամբ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նրան ներկայացնում են շիա մահմեդականության աճող ազդեցության դեմ պայքարի առաջամարտիկ, հաճախ հեգնական հայտարարություններով էր հանդես գալիս. «Առանց որեւէ չափազանցության Մուստաֆային կարելի է անվանել Իրանի քաղաքական եւ կրոնական գերակայության դեմ պայքարի հիմնասյուներից մեկը»,- գրել էր, օրինակ, ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը, որն էլ առաջիններից էր պնդել՝ Մուստաֆայի դեմ մահափորձը Իրանի ձեռքի գործն է։

Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները ահաբեկչություն էին որակել նաեւ երկու ամիս առաջ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպը, որի հետեւանքով մեկ մարդ էր սպանվել, երկուսը` վիրավորվել։ Այս միջադեպը, ինչպես Իրանի դեսպանին Ադրբեջանի արտգործնախարարությունում էին փոխանցել` «էլ ավելի է սրել առանց այդ էլ բարդ փոխհարաբերությունները»։

Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարված հարաբերությունների ֆոնին Մոսկվան ստանձնել է այդ հարաբերություններում հաշտարարի դերը: Օրեր առաջ Մոսկվայում Իրանի դիվանագիտության ղեկավարի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, թե իրանա-ադրբեջանական տարաձայնությունները շուտով կհարթվեն. «Մենք հուսով ենք, որ Բաքվի եւ Թեհրանի միջեւ հարաբերություններում առկա հակասությունները ժամանակավոր բնույթ են կրում, եւ դրանք հնարավորինս արագ կհաղթահարվեն»։

Այսպիսով, պաշտոնական Բաքուն Իրանին մեղադրում է ղարաբաղյան հակամարտության հարցում հայամետ դիրքորոշման համար։ Թեհրանն, իր հերթին, ընդդիմանում է Հայաստանից միջանցք ստանալու Ադրբեջանի պահանջին, որի հետեւանքով կարող է փոփոխվել հայ-իրանական սահմանը։ Իրանը, մյուս կողմից, մտահոգված է նաեւ իր հակառակորդ Իսրայելի հետ Ադրբեջանի էլ ավելի ամրապնդվող հարաբերություններով։ Այս ամենին գումարած` պաշտոնական Բաքուն Թեհրանին մեղադրանքների շարք ներկայացնելիս այսքանով չբավարարվեց:

Շարունակությունը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930