Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետճշմարտության հաղթարշավն աշխարհում եւ Հայաստանում

Ապրիլ 05,2023 14:30

Ընտրակեղծիքն այսօր կատարվում է քաղաքացիների ուղեղներում

2016 թ. հետազոտության արդյունքներով՝ Օքսֆորդի բառարանը «հետճշմարտությունը» ճանաչել է որպես տարվա բառ: Ինչո՞ւ հենց 2016 թվականին՝ հասկանալի է. այդ տարի աշխարհում տեղի ունեցավ երկու կարեւոր իրադարձություն՝ «Բրեքզիթը» եւ Դոնալդ Թրամփի ընտրությունը: Երկուսն էլ նշանավորել են հետճշմարտության հաղթարշավը: Այդ հասկացությունը՝ posttruth, նկարագրում է այն իրավիճակը, երբ բուն իրադարձությունները, բուն փաստերն ավելի քիչ ազդեցություն ունեն, քան մարդկանց էմոցիաները եւ համոզմունքները:

Ես հակված եմ մտածելու, որ դա 21-րդ դարի առանձնահատկությունը չէ՝ միշտ էլ այդպես էր: Օրինակ, Ժան Ժակ Ռուսսոյի «ֆեյքնյուզն» այն մասին, որ թագուհի Մարիա Անտուանետը սոված մարդկանց խորհուրդ էր տալիս հաց չունենալու դեպքում կարկանդակ ուտել, այնքան կայուն եւ անբեկանելի ազդեցություն ունի, որ դրան շարունակում են հավատալ գրեթե երկուսուկես դար հետո: Ինչո՞ւ է այդ սուտը պահպանել իր կենսունակությունը: Պատճառն այն է, որ ցանկացած դարաշրջանում եւ ցանկացած երկրում քաղաքացիներն առնվազն վերապահումով են վերաբերվում սեփական իշխանությանը:

Ո՞րն է, ուրեմն, նախորդ դարերի եւ այսօրվա հետճշմարտությունների տարբերությունը: Շատ պարզ՝ առաջներում դրա ազդեցությունը պարբերական էր՝ դիսկրետ՝ գիրք, թերթի հոդված, ռադիո կամ հեռուստատեսային հաղորդում: Իսկ համացանցի միջոցով հետճշմարտությունը չընդհատվող եւ հարաճուն հոսք է: Առաջ դա ցնցուղի շիթ էր, հիմա 20 մետրանոց ցունամի, որը որեւէ վայրկյան չի ընդհատվում:

2016 թվականին բրիտանացի պոպուլիստները՝ Ջերեմի Կորբինի ղեկավարությամբ, համոզում էին համերկրացիներին, որ իրենց երկիրը շաբաթական 350 մլն ֆունտ է վճարում Եվրամիությանը: Ու որքան էլ կառավարությունը, փորձագետները, գործից հասկացող մարդիկ համոզում էին, որ նման բան չկա, որ այդ թիվն առնվազն տասն անգամ ուռճացված է, եւ որ Բրիտանիան ոչ միայն տալիս է, այլեւ՝ վերցնում, միեւնույն է, բրիտանացիների մեծ մասին դա չէր համոզում: Նրանք վստահ էին, որ ձրի կերակրում են Բրյուսելին, եւ որ իրենց՝ բրիտանական «ջերմուկով» ավելի լավ են երկիրը պահելու:

Դոնալդ Թրամփը 2016-ի նախընտրական արշավի, ինչպես նաեւ՝ իր պաշտոնավարման ժամանակ բազմիցս սուտ է խոսել: Ասում էր, որ Բարաք Օբաման ԱՄՆ-ում չի ծնվել, որ նա մահմեդական է, որ Հիլարի Քլինթոնը համաշխարհային կառավարության անդամ է, եւ զբաղված է երեխաների առեւտրով, որ գլոբալ տաքացումը հնարել են չինացիները՝ ամերիկյան արդյունաբերությունը կործանելու նպատակով, իսկ այնուհետեւ, որ կորոնավիրուսը նույնպես չինացիները միտումնավոր ստեղծել եւ տարածել են ողջ աշխարհում: Ամերիկացիների մեծամասնությունը չէր պատրաստվում եւ հիմա էլ առանձնապես չի պատրաստվում այդ փաստերը ստուգել:

Այդպես է աշխատում հետճշմարտությունը: Եվ, մասնավորապես, մեր նման երկրների պարագայում ընտրատեղամասերում ծեծուջարդ սարքելու կամ ընտրակաշառք բաժանելու անհրաժեշտություն չկա: Ընտրակեղծիքը՝ որոշ իմաստով, պահպանվում է, բայց այն կատարվում է ընտրողների ուղեղներում: Եվ այստեղ առաջին պլան են գալիս նույնիսկ ոչ այնքան քաղաքական գործիչները, որքան՝ քաղաքական տեխնոլոգները, համացանցում լուրեր սփռող մասնագետները, ինչպես նաեւ՝ թրոլերի, ֆեյքերի եւ բոտերի ֆաբրիկաների ղեկավարները:

… Պատերազմում մենք պարտվել ենք ա/ որովհետեւ նախկինները թալանում էին, բ/ որովհետեւ նախկինները 1991 թվականից Արցախը ճանաչել էին Ադրբեջանի մաս, գ/ որովհետեւ ռուսները ցանկանում են Հայաստանը դարձնել իրենց ծայրագավառը, դ/ որովհետեւ ռազմաճակատում գործում էր «5-րդ շարասյունը»՝ ի դեմս դավաճան սպաների, ե/ որովհետեւ ունեինք 11 հազար դասալիք: Թե որքանով են այս բոլոր պնդումներն ինքնին, առանձին վերցրած ճիշտ կամ սխալ՝ կարելի է քննարկել, բայց բերել դրանք որպես պատերազմում պարտության պատճառներ՝ անհեթեթ է, չի ենթարկվում տրամաբանական որեւէ քննության: Բայց դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Որովհետեւ դա հետճշմարտություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930