Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մրցակցել Ադրբեջանի հետ, հակակշռել թշնամուն․ ճարտարագետն առաջարկում է ինժեներական քաղաքներ հիմնել

Ապրիլ 04,2023 22:30

Հայաստանի ապագան գիտահեն տնտեսությունն է, եւ սա չի նշանակում նոր տեխնոլոգիաներով գինիներ արտադրելով կամ ջերմոցներ հիմնելով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որոշակի առաջընթաց ունենալով ստեղծում ենք գիտահեն տնտեսություն։ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում ճարտարագետ Արթուր Հովսեփյանը, որը բարձր տեխնոլոգիաների միջազգային մասնագետ է։ Նա աշխատում է Իրանում, Հայաստանում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում, զբաղվում է բարդ համակարգերի գծագրմամբ ու արտադրությամբ, աշխատում է նաեւ արհեստական բանականության, ռոբոտների, հեռաղեկավարվող համակարգերի, ավտոմատացված հաստոցների ու հոսքագծերի ոլորտում։

Հովսեփյանն ասում է՝ գիտահեն տնտեսություն ունենալու մասին երկար տարիներ խոսում են Հայաստանում, բայց գործնական քայլեր, սկսած՝տեսլականի մշակումից, այսօր չի իրականացվում։

Նա գտնում է, որ Հայաստանը կարող է մրցակցել Ադրբեջանի հետ, եւ որպեսզի թշնամուն հակակշռի, պետական բյուջեն առաջիկայում պետք է կազմի 10 մլրդ դոլար․ «Մեր փրկությունը տնտեսության զարգացման մեջ է։ Տնտեսության զարգացման պետական տեսլական պետք է մշակել, եւ կանխատեսել, որ համակարգային զարգացումը 10-ից ավելի տարի կտեւի։ Մենք չունենք ագրարային տնտեսություն, չունենք հումքային տնտեսություն, արդյունաբերական տնտեսություն, եւ սրանցից որեւէ մեկով չենք կարող հասնել 10 մլրդ դոլար բյուջեի։ Միակ ելքը գիտելիքային տնտեսությունն է»։ Մեր դիտարկմանը՝ նոր բան չեք ասում, Հայաստանի բոլոր կառավարություններն այս մասին խոսել եւ խոսում են, Հովսեփյանն արձագանքեց․ «Այո, բայց ոչինչ չեն արել։ Իսկ որպեսզի ստեղծենք այն, ինչ ասում եմ, պետք է մշակել գիտահեն կառավարման համակարգ, որն ունի երեք հիմնական գործոն։ Առաջինը՝ կրթությունն է, որը պիտի լինի արդիական եւ կիրառական։ Մեր համալսարաններում ասենք կան պրոֆեսորներ, բայց կրթությունն արդիական չէ, նոր տեխնոլոգիաներ չկան, կրթական համակարգը պիտի լրջորեն զբաղվի գաղափարներ ստեղծելով, եւ պրակտիկայով»։

Թե ինչու այս տարիների ընթացքում չի հաջողվել ստեղծել այն, ինչ նշում է Հովսեփյանը, մեր այս հարցին էլ ի պատասխան, նա ասում է՝ ծուլությունն ու մեծամտությունը խոչընդոտում են գաղափարի, տեսլականի ծրագրավորմանը։

«Մյուսը գործոնը տեղեկատվական եւ արդյունաբերական ենթակառուցվածքներն են։ Բարդ խնդիր է։ Մեզ պետք են ինժեներական, գործարանային քաղաքներ, որտեղ նախապես պլանավորած արտադրամասեր կլինեն եւ մասնագետներն ուղղորդված տարբեր ոլորտներում կաշխատեն։ Մյուս գործոնը՝ գիտության, տեխնոլոգիաների եւ ինովացիոն համակարգն է։ Սա չկա Հայաստանում։ Եթե սա չունենանք, չենք ունենա գիտահեն տնտեսություն։ Նորարարությունների համակարգերի հիմքում պետք է դնենք ճանապարհային քարտեզը, թե ինչ է պետք մեզ։ Կառավարության մակարդակով պետք է առաջնահերթությունները ճիշտ տալ, օրենսդրական դաշտ ստեղծել եւ աջակցող մեխանիզմներով գործարարներին մղել նորարարական արտադրության»։

Հովսեփյանն ասում է՝ այսօր Հայաստանում կա կառավարություն եւ բիզնես, կառավարությունն ասում է՝ ինչ ուզում ես արա, արի իմ հարկերը վճարիր․«Այդքան բան, վերջ։ Բայց դա պետական խնդիր է։ Նորարարության համակարգը չի կարող լինել մասնավոր։ Ինձ կառավարությունում լսում են, ասում են՝ լավ բան ես ասում, բայց որոշումների մակարդակում դեռ չկա համոզում, որ մեզ նորարարությունների համակարգ է պետք՝ միջազգային նորմերով տեխնոլոգիական արտադրություն։ Օրինակ՝ ես ունեմ 5 միլիոն դոլար, եկել եմ Հայաստան, ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, էսքան փող ունեմ, ի՞նչ անեմ։ Չկա ծրագիր, ըստ որի ինձ կասեն՝ մեզ այսօր ԱԹՍ-ներ են պետք, դրանով զբաղվիր, կամ նանոտեխնոլոգիաներ են պետք։ Ուղղակի այսօր ասում են՝ կարող ես ջերմոց հիմնել։ Իսկ մասնավորը չի կարող գնալ ու ԱԹՍ-ների արտադրություն դնել։ Պետական մոտեցում է պետք։ Եթե մեր բոլորի հիմնական նպատակը ռազմարդյունաբերությունն է, պետք է նորարարության համակարգ ներդնել»։

Հովսեփյանը նկատում է՝ հասկանալի է, որ պետությունը գումար չունի նման ծավալի ներդրում անելու, բայց այլ միջոցներ կան, միջազգային կառույցներ կան, որոնք կարող են աջակցել․«Օրինակ կարող ես ծրագիրը մշակել, «Յունիդոն»-ը կարող է 50 մլն դոլար տալ, որ կառույցը ստեղծես։ Բայց մերոնք նույնիսկ չգիտեն էլ, որ նման բան կա, որովհետեւ ԲՏԱ նախարարությունում չկա մի բաժին, որ այդ հարցերով զբաղվի։ Սա ծախսի խնդիր չէ, ծրագիրը պետք է մշակել, իսկ հետո գումարի հարցում մասնավորին կարող ես ներգրավել»։

Ճարտարագետն ասում է՝ կառավարությունը պետք է քաջալերի դրսից եկող ներդրողներին, մեզ մոտ այնքան բարյացակամ չեն․«Կներեք արտահայտության համար, բայց այդ բռի, անշնորհք վերաբերմունքը պետք է վերացնեն, որովհետեւ շատ վատ են վերաբերվում դրսից եկած գործարարին։ Դա պիտի վերափոխեն, համակարգը հեշտացնեն, այնպես, ինչպես օրինակ Դուբայում կամ Չինաստանում են վերաբերվում դրսի ներդրողին»։ Հովսեփյանը վստահ է՝ իր նշած փոփոխությունները կօգնեն, որպեսզի ինժեներական քաղաքները դրսի ներդրումով ստեղծվեն, եւ հատկապես սփյուռքահայերը կարող են ներգրավվել այդ գաղափարին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930