«Ես եւ Վերոնիկան վաղուց հրապարակային հայտարարել ենք, որ մեր ունեցվածքի 90%-ը մենք չենք թողնելու մեր երեխաներին, այլ ծառայեցնելու ենք աշխարհն ավելի լավը դարձնելուն։ Եւ այս 15 տարում մենք դա արել ենք մեր ընկերների, գործընկերների հետ ՀՀ-ում, Արցախում, ՌԴ-ում եւ մի շարք ուղղություններով՝ կրթություն, մշակույթ, տեխնոլոգիաներ, առողջապահություն»,-Տելեգրամի ալիքում հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով հետեւորդների մեկի հարցադրմանը իր ունեցվածքի մասին։
«Ես երջանիկ եմ, որ մենք կարողացել ենք շատ բան անել։ Ափսոսում եմ, որովհետեւ ավելին էր պետք անել»,-ասել է Ռուբեն Վարդանյանը։
Մեկ այլ հետեւորդ հարցրել է․ «Ինչո՞ւ Հայաստանն ու Արցախը չփրկեցիք 10 տարի առաջ»։
Ռուբեն Վարդանյանը պատասխանել է․ «Ես փրկիչ չեմ։ Հավատում եմ ոչ թե փրկիչներին, այլ առաջնորդներին՝ այնպիսի առաջնորդներին, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, առաջ գնալ եւ իրենց հետեւից տանել ժողովրդին։ Տասը տարի առաջ Արցախում ուժեղ իշխանություն էր, որը կառուցում էր իր տեսակետից այն երկիրը, որը ճիշտ էր համարում Արցախի ժողովրդի համար։ Ես դրան հավատում էի եւ օգնում նրանց։ Համարել եմ, որ ինչ արել եմ՝ լավ քայլեր են եղել։ Գուցե իմաստությունս չի հերիքում, բայց վստահ եմ, որ մեկ փրկիչ չի կարող լինել։ Մենք պետք է ազնիվ նայենք իրականության աչքերին եւ մեր հետ կատարվողին, չվախենանք քննադատել, բայց եւ դա անենք կառուցողական՝ լավ ապագա ունենալու համար»։
Կարդացեք նաև
Մեկ այլ հետեւորդ հարցրել է․ «Նման իրավիճակում Արցախի «էլիտաներն» ինչո՞ւ են մտածում սեփական գրպանների մասին, ինքնապահպանման բնազդ չունե՞ն»։
Ռուբեն Վարդանյանն արձագանքել է․ «Դժվար հարց է ինձ համար, թե ինչու Արցախի էլիտաները չունեն ինքնապահպանման բնազդ։ Նման ծանրագույն ճգնաժամի պայմաններում ակնհայտ է, որ հաջողության հասնելու միակ հնարավորությունը կլինի մոռանալ բոլոր ներքին հակասությունները եւ միավորվել՝ արտաքին թշնամու եւ սպառնալիքի դեմ։ Ցավոք, ինչ-որ բան այստեղ այնպես չէ աշխատում․․․երեւի որովհետեւ այն պատճառով, որ դա արդեն 35 տարի շարունակվում է, եւ մարդիկ հոգնածություն են կուտակել։ Սա մարտահրավեր է, որպեսզի այստեղ՝ ներսում գտնվող բոլորը գիտակցեն, որ միայն միասին կարող ենք սա հաղթահարել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ