Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է շարունակաբար մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով. Սարգիս Խանդանյան

Ապրիլ 03,2023 23:30

Ձեր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական փոխգործակցության խորացմանը եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը. ասել է ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2024 թվականին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում հայ-խորվաթական հարաբերությունները հետեւողականորեն զարգացել են եւ հույս հայտնել, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ դրանք ավելի կամրապնդվեն եւ կխորանան:

Խորհրդարանականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը` նշելով. «Այդ գործողությունների հետեւանքով ԼՂ բնակիչները մոտ չորս ամիս է` զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից: ԼՂ-ն կանգնած է պարենային եւ հումանիտար աղետի վերահաս վտանգի առջեւ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներեւ է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրը հասցեագրելու եւ այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլեւ հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի` Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»:

Սարգիս Խանդանյանը հյուրերին տեղեկացրել է, որ Ադրբեջանի այս գործողությունը դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի, բազմաթիվ ազգային խորհրդարանների, ԵՄ, ԱՄՆ եւ միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտների կողմից, սակայն Ադրբեջանը հաշվի չի առնում մեր գործընկերների հորդորները:

Նրա խոսքով Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնում է  Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:

Սարգիս Խանդանյանը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու տեսանկյունից կարեւորել է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը:

Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը կարեւորել է հայ-խորվաթական հարաբերությունները եւ նշել. «Խորվաթիան ԵՄ-ում երիտասարդ անդամ է եւ հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները` մենք կարեւորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը»:

Պատվիրակության անդամ Դոմագոյ Հայդուկովիչի խոսքով իրենք կարեւորում են հայ ռազմագերիների եւ գերեվարված այլ անձանց շուտափույթ վերադարձը, ինչպես նաեւ մտահոգված են  Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման խնդրով:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել հանդիպման համար եւ նշել, որ նման հանդիպումներն ու փոխայցելությունները շարունակական բնույթ կկրեն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930