Ապրիլի 2-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ընկերոջս փոխարեն» խորագիրը կրող ցերեկույթը, որը նվիրված էր Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հարազատներին: Երկրորդ տարին անընդմեջ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ թատրոնը հյուրընկալում է Գեղարքունիքի մարզի՝ Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հարազատներին: Հակոբ Պարոնյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը ևս Գավառ էր ժամանել մարզպետի հրավերով:
Կարեն Սարգսյանը ողջույնի խոսքում իր երախտագիտությունը և մեծարումը հայտնեց անմահացած հերոսներին և նրանց հարազատներին.
«Սիրելի մայրեր Հայոց աշխարհի, դուք եք մեզ սնած ու դաստիարակած, մարդասիրություն և հայրենասիրություն ներշնչած կանայք: Խոնարհ և երախտապարտ ենք ձեզ: Դժվար է հիմա սփոփանքի բառեր գտնել, անհնար է վերադարձնել բոլորիս անգին կորուստները, սակայն այս համազգային ցավի կողքին այսօր բոլորիս մեջ խոսում է հպարտության այն զգացումը, որ բոլոր թանկ կորուստները եղել են հայրենափրկության, հայրենի հողի ազատության համար: Դուք ոչ միայն հերոսների մայրեր եք, այլ նաև հերոս մայրեր, որոնց ափերի մեջ է մեր հայրենիքի ներկան ու ապագան, անցնելիք ճանապարհը»:
Կարեն Սարգսյանի խոսքով, այս միջոցառումը ավելին էր, քան ուղղակի մեծարման հանդես, այն որդիական խոնարհման ու երախտագիտության անսահման խոստովանություն էր.
Կարդացեք նաև
«Մենք համատեղ դեռ երկար ենք մաքառելու այն հայրենիքի և գաղափարի համար, հանուն որի պաշտպանության ընկան մեր որդիները: Ուստի թույլ տվեք ձեզ շնորհավորել կանանց տոների միամսյակի կապակցությամբ, ցանկանալ միայն բարիք և սիրառատ օրեր»- հավելեց մարզպետը:
Օրհնության խոսքեր հնչեցրեց նաև Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր՝ Բաբկեն վարդապետ Սալիբյանը:
Այնուհետև հրավիրվածները դիտեցին Հակոբ Պարոնյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից բեմադրված Ռիչարդ Կալինովսկու՝ «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը:
Ներկայացման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը զրույց ունեցավ Արցախյան պատերազմում զոհված հայորդիների ընտանիքների անդամների հետ:
Գեղարքունիքի մարզպետարան