Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Թեկուզ խնջլոզով, տենց մի բանի փառատոն կազմակերպեք»

Ապրիլ 03,2023 22:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնք, ծանոթացել դպրոցի շինարարական աշխատանքներին։

Փաշինյանին տեղեկացրեցին, որ դպրոցում 7 դասարան կա, յուրաքանչյուրում՝ մինչեւ 20 աշակերտ։

Հետո գյուղացիների հետ զրուցեց։ Գառնահովիտցիները վարչապետին գյուղի խնդիրներից պատմեցին, ասացին՝ գյուղի զարգացման մի ծրագիր լիներ։

«Ճանապարհը կա, աշխատատեղի հարցն էլ․․․ ինչքա՞ն վարելահող կա գյուղում»,-հետաքրքրվեց վարչապետը։ Վարելահող կա, ոռոգում չկա։  Գյուղացիներն ասացին՝ 400 հեկտար վարելահող կա, հազիվ են մշակում, նայում են վերեւ՝ աստծուն, խնդրում, որ անձրեւ գա։

Փաշինյանն էլ գյուղացիների նեղսրտելուն արձագանքեց՝ բայց կլիման չի՞ ենթադրում, որ անասուն պահեն մարդիկ։

Անասուն էլ են պահում, բայց, ինչպես գյուղացիներն ասացին՝ անասնապահության ձեռը կրակն են ընկել։ «Սպառում չկա։ Խոշոր անասուն պահողներից մեկը ես եմ, քառասուն գլուխ անասուն ունեմ, չենք կարում ռեալիզացիա անենք՝ ո՛չ կաթը, ո՛չ միսը։ Տանող չկա»։

Հարցուփորձից վարչապետը պարզեց՝  առանձին տնտեսավարողներին ձեռնտու չէ հասնել Գառնահովիտ, միս ու կաթ գնել, ծախսը շատ է, հումքը՝ քիչ։

«Ճանապարհը վատ չի, Զովասարից հետո էս կողմ տանելի վիճակ է։ Ուրիշ բան էլ պիտի մտածեք, պրոֆիլն էլ պիտի փոխեք, էստեղ դրախտային վիճակներ են, պիտի տուրիզմի մասին էլ մտածեք, էկոտուրիզմի եւ այլնի, պետք է տենց ծրագրեր էլ անեք։ Դուք անընդհատ ասում եք գործարան, բան, լավ է, բայց նաեւ պետք է նոր բաներ մտածել։ Հիմա կաթը կա, մածունը կա, պանիրը  կա, ենթադրում եմ լավաշը կա, պետք է տուրիստական ընկերությունների հետ էլ աշխատել, որ տուրիստներ բերեն էստեղ։ Այ, դա ռեալ ծրագիր է»,-ասաց Փաշինյանը։

Հետո գյուղացիները նրան դեպի գյուղի եկեղեցի ուղեկցեցին, հին տների քարե վառարանները տեղադրել էին եկեղեցու բակում։ Մի հին տան մառան էլ մտավ Փաշինյանը։ Ու նորից ասաց՝ Գառնահովիտը զբոսաշրջային կենտրոնի մեծ պոտենցիալ ունի։

Գաստրոնոմիական զրույցը շարունակվեց, Փաշինյանը հետաքրքրվեց՝ գյուղն ինչով է յուրահատուկ։ Մարդիկ էլ թե՝ խնջլոզով ճաշը։ «Թեկուզ խնջլոզով, տենց մի բանի փառատոն կազմակերպեք»,-ասաց Փաշինյանը։

«Ծրագիր ենք անում, էդ ռենովացիայի ծրագիրը, որ մարդիկ վերցնեն իրենց տները վերափոխեն, ըստ հնարավորության դարձնեն գաստրոբակ եւ այլն»,-ասաց Փաշինյանը։

Մի երեխայի հետ էլ կարճ զրույցի ժամանակ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց՝ պապան որտե՞ղ է։ Անհասկանալի էր, թե փոքրիկն ինչ պատասխանեց, բայց Փաշինյանը նրան արձագանքեց․«էս դպրոցը սարքում ենք, որ թողեք, գնաք Ռուսաստա՞ն։ Դպրոց ենք սարքում, սպորտդահլիճ ենք սարքում, իսկ դու թողնում, գնում ես Ռուսաստան։ Բա տենց  կլինի՞»։

Գյուղի ուսուցիչներ հետ էլ խոսեց Փաշինյանը, հարցրեց աշխատավարձի չափը։ «77 հազար դրամ»,-պատասխանեց ուսուցիչներից մեկը։ Վարչապետն էլ զարմացած հետաքրքրվեց՝ ատեստավորում անցե՞լ եք․«Ատեստավորում անցեք, ձեր աշխատավարձը կրկնապատկված ա արդեն, անպայման ատեստավորվեք։ Նոր դպրոցում ամեն ինչ նոր լինի»։

«Որ աշակերտ շատ ունենանք, ամեն ինչ լավ կլինի»,-Փաշինյանի շուրջը հավաքված կանանցից մեկն էլ ցածր ձայնով արձագանքեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930