Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մեզ համար մեր պետությունը սրբություն է ու երբ մեզ անվանում են դավաճան, մենք դա շատ ցավոտ ենք տանում». Վահագն Ալեքսանյանը՝ քաղաքացու երեսին թքելու մասին

Ապրիլ 03,2023 22:35

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրեն «դավաճան» անվանող քաղաքացու երեսին թքելու դեպքը բռնություն էր որակել հենց իր՝ ԱԺ նախագահի նկատմամբ: Մինչդեռ սոցցանցերում բուռն քննարկվում է այն, որ սրանով իշխանությունը թքում է հասարակության երեսին: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Նախ եկեք պարզենք՝ արդյոք թքե՞լ է երեսին, իմ համար դա դեռ պարզ չի: Ես միայն տեսել եմ երիտասարդի բավարարված դեմքով նկարը, որտեղ ինքը ասում է՝ իմ դեմքը՝ ԱԺ նախագահի կողմից թուք ուտելուց հետո: Չգիտեմ ինչի էր էդքան բավարարված: Առնվազն աչքերը վստահություն չէին ներշնչում: Հետո իմացա, որ այդ քաղաքացին Հայաստանի քաղաքացի էլ չի նույնիսկ: Չգիտեմ ինչի է որոշել, որ պետք է գա Հայաստան եւ վիրավորական հայտարարություններ տեղա ՀՀ ընտրված իշխանությունների վրա՝ փորձելով խաթարել նրանց սովորական բնականոն կյանքը»:

Հարցին, այսինքն, «յան» ազգանունով մարդիկ այլեւս տեղ չունե՞ն Հայաստանում, որ ասում եք՝ ինչի պիտի գա Հայաստան՝ նա պատասխանեց. «Ես նման բան չասեցի, բարով է եկել, Հայաստանի Հանրապետությունը շատ ուրախ է բազում զբոսաշրջիկներ ընդունել ՀՀ-ում: Մենք շատ ուրախ ենք զբոսաշրջության աճով, շատ ուրախ ենք, որ ՀՀ-ում ունենք խոսքի ազատություն, շատ ուրախ ենք, որ հենց այդ երիտասարդի դավանած քաղաքական ուժի հոր պես իրեն, օրինակ, զուգարանում ծեծելով չեն սպանի, շատ երջանիկ ենք այդ կապակցությամբ: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ իմ համար տարօրինակ է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող, ՀՀ բանակում չծառայած, ՀՀ բանակում իր որդիներին ծառայելու չուղարկող ինչ-որ մեկը պիտի գա իմ երկրում ինձ կամ ինչ-որ մեկին ասի՝ դավաճան: Կներեք ինձ, իհարկե, բայց դա ինձ համար տարօրինակ է»:

Թքելու փաստ, ըստ նրա չկա, երբ հիշեցրինք, որ չի հերքել դա Ալեն Սիմոնյանը, ավելին՝ երբ Aravot.am-ը պարզաբանում խնդրեց, նրա խոսնակը փոխանցեց, որ չունենք մեկնաբանություն՝ Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Ես չգիտեմ ինչքանով է հստակ: Ես միայն տեսել եմ իր հայտարարությունը եւ նրա բավարարված դեմքը: Ալեն Սիմոնյանի չհերքելը դա դեռ հաստատել չի»:

Հարցին՝ ի վերջո ո՞րն է տարբերությունը, երբ «պրիվետ Ռոբի» համար կարող էին զուգարանում ծեծել, իսկ հիմա «դավաճան» ասելու համար թքել քաղաքացու երեսին, հասկանալի է, որ հանցագործության հոդվածների տարբերություն կա, բայց միեւնույն է…Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Դուք իրոք զուգարանում ծեծելու, ծեծելով սպանելու տարբերությունը ու ենթադրյալ թքելը համեմատո՞ւմ եք»:

Ասացինք՝ քիչ-քիչ մոտենում եք՝ նա պատասխանեց. «Հա,մոտենո՞ւմ ենք, այդ տեմպերով եթե դա մոտենալ համարենք, պարզ է, եթե այդ տարբերությունը բայց չեք հասկանում…»:

Թե ինչու լինելով պաշտոնյա՝ չեն կարողանում լինել հանդուրժող, ի վերջո քաղաքացիները կարող են ե՛ւ քննադատել, ե՛ւ կոշտ բառեր ասել՝ նա պատասխանեց. «Շատ ուրախ ենք ցանկացած կառուցողական քննադատության, բայց երբ խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքով սահմանած հատուկ հանցագործություն, այն է՝ պետական դավաճանություն կատարելու մեղադրանքներին, դա մեզ համար ծայրագույն աստիճանի վիրավորանք եւ մեղադրանք է: Դա հանդուրժողականության մեջ առհասարակ չի մտնում: Կան հստակ սահմաններ, էլի: Մի բան է մեկին մեղադրեն ոչ այդքան կոմպետենտ լինելու մեջ, նույնիսկ կոշտ լինեն իմ նշած բառերից, բայց վիրավորել ու պիտակել որպես դավաճա՞ն: Ես հասկանում եմ, որ այդ մարդկանց համար այդ բառի կշիռը այդքան մեծ չի, որովհետեւ այս պետությունն իրենց համար սրբություն չի առհասարակ, որովհետեւ իրենք տարատեսակ պետությունների են հաճախ ծառայում, բայց մեզ համար մեր պետությունը սրբություն է ու երբ մեզ անվանում են դավաճան, մենք դա շատ ցավոտ ենք տանում»:

Անդրադառնալով Աշոտ Փաշինյանի նկատմամբ բռնությանը, նա ասաց, որ հանգամանքներին ծանոթ չէ, բայց գիտի, որ դա բռնությունների շղթայի մի մասնիկն է, չի կարող պատահի, որ կարճ ժամանակահատվածում 3 նման դեպքը պատահական լինի՝ նկատի ունենալով Ալեն Սիմոնյանի «թքելու», Մհեր Սահակյանի՝ Վլադիմիր Վարդանյանին  բռունցքով հարվածելու եւ Աշոտ Փաշինյանի դեպքերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Այ էսպես մարդկանց տարիներով հիմարացնելով եկան իշխանության, մարմիններն ավելացրեցին, պետությունն պակասացրեցին

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930