Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայր շանը խեղդամահ անելու սոսկալի տեսարանը՝ իրավապահների տիրույթում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլ 03,2023 21:44

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը դեռ մեկ ամիս առաջ Գյումրի-Բայանդուր գլխավոր մայրուղու եզրին լուսանկարել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մի դաժան տեսարան, թե ինչպես են տուկի թելով խեղդամահ արել մայր շանը, իսկ ձագերը մոր պտուկներից կաթ ուտելու փորձ էին անում։

Վահան Թումասյանը գրել էր, որ սա աշխարհում ամենասարսափելի տեսարաններից է։ Իհարկե, նրա այս գրառումից հետո որոշակի արձագանքներ եղան, թե մայր շանը խեղդամահ չեն արել, այլ քցել են մեքենայի տակ, իսկ վզին պարան կար, որովհետև ինչ-որ մեկը կապել և քաշել է մայրուղու եզր։

Aravot.am-ի տեղեկություններով,ՀՀ Շիրակի մարզի քննչական վարչությունում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու փաստի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդվածի 1-ին մասով:

Վահան Թումասյանն  Aravot.am-ի հետ զրույցում ասաց,  որ իր համար ոչ այնքան կարևոր է դատաիրավական գործընթաց սկսելը, որքան հասարակության կողմից նման դաժան արարքները դատապարտելն ու թույլ չտալը։

«Եթե տեսնում են արձագանք չկա, դատապարտող չկա, քննադատող չկա, անիծող չկա, ով որ շանը պահի, հենց հավեսն առնի, կարող է խեղդի, բերի, գցի փողոց։ Էդպես չի լինում, չէ՞, մարդը հաշվի պիտի առնի, որ ինչպես իր երեխայի նկատմամբ պարտականություններ ունի, նույնը՝ կենդանու, բերել, պահել ես, ուրեմն պիտի  խնամես»,- ասում է Վահան Թումասյանը։

Ըստ նրա, թափառող շների հանդեպ  սկսվել է մի այլանդակ քարոզ, մինչդեռ հասարակությունը պիտի հասկանա, որ կենդանական աշխարհի մաս կազմում են նաև շները։

Նա նաև ասում է,  որ իր լուսանկարը փրկեց անպաշտպան մնացած շան  ձագերի կյանքը․ հայտնվեցին բարի մարդիկ, որոնք տարան և պահեցին նրանց։ Մեկին մի բարի տղա է տարել, մյուսներին տեղափոխել են կենդանիների խնամքի հատուկ կազմակերպություն։

Մեր զրուցակիցը նշում է, որ իր հրապարակումից հետո եղան մարդիկ, որոնք ասացին՝ իրենք ականատես են եղել, թե շանը չեն խեղդել, այլ մեքենայի տակ է ընկել։ Վահան Թումասյանը չի բացառում այս վարկածը, ըստ նրա, ինքը լավատես է ու ուզում է հավատալ այդ տարբերակին, որ մարդիկ այդ աստիճան անսիրտ չեն, հոգեկան խանգարում չունեն, որ խեղդեն կենդանուն։

«Ես ոչ թե հավատում եմ այդ վարկածին, այլ ուզում եմ հավատալ՝ մարդկության հանդեպ չկորցնելու համար հավատս։

Հանրային վերաբերմունքը պիտի փոխվի։ Իհարկե, կան մարդիկ, որոնք ֆոբիա ունեն կենդանիներից, տեսել եմ մարդկանց, որոնք մի կատու անգամ տեսնելիս՝  փախչում, նստում են մեքենան։ Նման դեպքերում ես բան չունեմ ասելու, հիվանդություն է, պիտի բուժվի, բայց նրանց ֆոբիա ունենալու պատճառով մենք չեն կարող կենդանական աշխարհը վերացնել, առանց այն էլ բան չի մնացել այդ աշխարհից։ Ֆոբիա ունես, տանդ նստի, կենդանին ինչ մեղավոր է, որ դու հիվանդություն ունես։

Իհարկե, կան բացառիկ դեպքեր, որ շները հիվանդություն ունեն, պիտի նրանց զննել, օրինակ՝ եվրոպական կամ ամերիկյան երկրներում հատուկ ստուգումներ են անցկացնում, ագրեսիվ պահվածքով շներին քնեցնում են, չեն խեղդում կամ կրակում, բայց քնեցնում են։

Թափառող կենդանիների նկատմամբ վերաբերմունքը  հասարակական հնչեղություն պիտի ստանա,  պիտի փոխվի,  եթե մարդը ֆոբիա չունի, պիտի կերակրի կենդանուն։ Շները միշտ պիտի լինեն մեր կողքին, մենք չենք կարող բոլորին վերացնել։ Երկիրը, հողը ինչքան որ մերն է, այնքան էլ կենդանունն է, ո՞վ է ասել, որ միայն մարդունն է, եթե վերցնենք մարդկային բնավորության մեջ ավելի վատ բաներ կան, քան կենդանու։

Իմ հրապարակման ամենամեծ ձեռքերումը հասարակության ուշադրությունը բևեռելն է։ Ես առաջին մարդը չէի, որ այդ դաժանությունը տեսա․ գլխավոր մայրուղու եզրին սատկած շան պտուկներից կախ ընկած ձագեր։ Ավելի ծանր պատկեր հնարավոր չէր նկարագրել կենդանական աշխարհի մեջ։ Անցել-դարձել, ուշադրություն չեն դարձրել , չէ՞։ Դա խոսում է մեր հասարակության անտարբերության մասին։

Բացի այդ, գիտեմ, որ պարեկներ կան, իրենց խնդիրն է նման դեպքերին ուշադիր լինելը, հո ես չեմ կարող մարզում ման գալ, թե որտեղ ինչ է կատարվում, որտեղ աղբ լցրեցին կամ այլ մի բան, որ ֆիքսեմ։ Իմ՝ որպես քաղաքացու, պարտքն է բարձրաձայնելը, բայց իմ  անմիջական աշխատանքային պարտքը չէ, գուցե մարդիկ եղել են, տեսել են, բայց չեն արձագանքել»։

Վահան Թումասյանը զավեշտ է համարում նաև այն, որ ամբողջ աշխարհում  գյուղատնտեսությունը խթանելու համար  աջակցում են, որ մարդիկ կենդանիներ պահեն, իսկ Գյումրիում կենդանի պահելու համար տուրք են սահմանում։

«Ես կարող եմ Եվրոպայի մի փոքր քաղաքի օրինակ բերել, որտեղ  թափառող շները շատացել են, որոշել են ամսական թոշակ նշանակել, որ տարեցները  զբաղվեն, տանեն, կենդանիներին պահեն։ Որոշել են ամսական 50 եվրո տալ այն ընտանիքին, որը կպահի թափառող շներին։ Թափառող շները կտրուկ նվազել են․ մարդկանց 99 տոկոսը տարել, պահել են՝ մտածելով, թե թող այդ գումարը մեր քաղաքում ծախսվի։

Խնդրի լուծման  ճանապարհը սա է, ոչ թե ասենք քաղաքում կով պահող լինի,ի դեպ,  մի տաս հոգի հազիվ լինեն,  այդ մարդիկ ապրում են դրանով, գնաս, տուրք ուզես։  Լավ օրից չէ, որ կով են պահում, դա դժվար գործ է, մի հատ էլ  հարկես այդ մարդկանց։ Մեր ավագանին նման որոշում է կայացրել։ Լայնախոհ պիտի լինի, գրագետ լինելու, կարդալու խնդիր կա», -ասում է մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Վահան Թումասյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930