Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Երկրի վարչապետը, Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալուց հետո, եղել է մարզի մի շարք համայնքներում, ծանոթացել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Վարչապետի շրջայցը մեկնարկել է Աշտարակ համայնքի Օհանավան և Արտաշավան բնակավայրերից: Օհանավան բնակավայրում վարչապետը ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի շինարարության ընթացքին. կրթօջախը կառուցվում է Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ․հունվարին և նախատեսվում է ավարտին հասցնել 2023թ. սեպտեմբերին։ Իսկ Արտաշավան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել տեղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 190 մլն ՀՀ դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափը 70 տոկոս է: Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի:
Աշտարակից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Թալին համայնք, որտեղ պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է համայնքային բժշկական կենտրոնը: Շրջայցի ընթացքում նշվել է, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024թ.: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ է: Վարչապետն այցելել է նաև Թալին քաղաքի նորակառույց կենտրոնական պուրակ, որը կառուցվել է 2022թ.՝ սուբվենցիոն ծրագրով: Ավելի քան 37 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը պետբյուջեից համաֆինանսավորվում է 35 տոկոսով: Նիկոլ Փաշինյանը շրջել է պուրակով, զրուցել Թալինի բնակիչների հետ և շնորհավորել նրանց գեղեցիկ այգու բացման առիթով:
Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գառնահովիտ և Լուսակն գյուղական բնակավայրերն էին, որտեղ կառուցվում են միջնակարգ դպրոցների մոդուլային տիպի շենքեր՝ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում: Պատասխանատուների խոսքով՝ 2 դպրոցի պարագայում էլ աշխատանքները մեկնարկել են 2020թ., ավարտը նախատեսվում է 2023թ. տարեվերջին: Գառնահովիտի դպրոցի ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 700 մլն ՀՀ դրամ է, Լուսակնինը՝ մոտ 650 մլն ՀՀ դրամ: Կառավարության ղեկավարը կարևորել է դպրոցաշինության ծրագրերի պատշաճ իրականացումը և կրթօջախների՝ անհրաժեշտ գույքով ապահովումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծվող ենթակառուցվածքները համայնքային կենտրոններ դառնալու ներուժ ունեն և հանձնարարել է ուսումնասիրել այդ առումով առկա հնարավորությունները:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետը Արագածոտնի մարզի Զովասար և Կարմրաշեն բնակավայրերում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդների հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին:
Վարչապետը ծանոթացել է նաև Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհահատվածի ընթացիկ վիճակին, որը բարեկարգվել է «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում: Շուրջ 952 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրով ասֆալտապատվել է 9.5 կմ ճանապարհ: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել ճանապարհային գծանշումների թարմացման անհրաժեշտության վրա՝ նշելով, որ ճանապարհաշինության կարևոր բաղադրիչ են նաև պատշաճ կահավորումն ու սպասարկումը:
Կառավարության ղեկավարի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի վերջին կանգառը Արագածավան բնակավայրն էր, որտեղ նա ծանոթացել է 2020թ. հիմնված սպանդանոցի գործունեությանը: Նշվել է, որ ներդրման ծավալը կազմում է 70 մլն ՀՀ դրամ, ներկայացվել են խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթի համար ստեղծված պայմանները և ենթակառուցվածքի կարողությունները:
ՀՀ կառավարություն