Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ չգիտե՞ն որտեղ են պահվել այդ դասալիքները, ոչ մեկը չգիտի՞ էս երկրում որ բերդում են պահվել մի քանի հազարը». Վահագն Ալեքսանյանը՝ 11 հազար դասալիքի մասին

Ապրիլ 03,2023 21:12

Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ պատերազմի օրոք մենք 11 հազար դասալիք ենք ունեցել: Մինչդեռ դատախազությունից 168.am-ին տրամադրած տվյալներով պարզվում է՝ պատերազմին դասալքության հատկանիշներով հարուցվել է 214 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 59 զինծառայող: Այսինքն, համատարած դասալքություն չի արձանագրվել, հետեւաբար որտեղի՞ց է Աննա Հակոբյանը վերցրել այդ 11 հազարը, ո՞նց է այդ հաշվարկն արվել՝ Aravot.am-ի այս հարցերին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց. «Գուցե այդ բաները դեռ դատախազության տիրույթ չեն հասել, կամ այլ տեղ են, բայց, այնուամենայնիվ, հստակ է, որ 10 հազարից ավելի նման դեպք է արձանագրվել պատկան մարմինների կողմից: 10 հազարից ավելի, այո, արձանագրվել է եւ սրա մասին շատ է խոսվել, որ գնացել է պատերազմի ընթացքում շատ հստակ պարտվողականության քարոզ, զինվորների բարոյահոգեբանական վիճակը գցելու, նրանց ընկճելու քարոզ է գնացել: Մասնավորապես, տարբեր դիրքերում շրջել են տարբեր մարդիկ, զինվորներին ասել են՝ ծախած է, մսաղաց է, ի՞նչ գործ ունեք, փախեք, փրկվեք եւ նմանատիպ այլ բաներ եւ դրան էլ հաջորդել է համապատասխան գործողությունների շղթան»:

Ճշտեցինք, դա այն նույն «5-րդ շարասյուն» ասվա՞ծն է՝ Ալեքսանյանը պատասախանեց. «Դրա առնվազն մի մասը 5-րդ շարասյան ուղիղ ազդեցությամբ է տեղի ունեցել, մյուս մասն էլ արդեն այդ ազդեցության տակ ընկածների ազդեցության, այսպես ձնագնդի էֆեկտով գնալով մեծացել է: Բայց դա միանշանակ է, հիմա այս փաստից ինչքան էլ փախչենք, պետք է առերեսվենք, որ նման դեպքեր եղել են: Ու պետք է փորձենք աշխատել նաեւ այդ բարոյահոգեբանական վիճակի ուղղությամբ՝ նաեւ զսպելու համար բոլոր այն մարդկանց, ովքեր որ փորձում են այդ բարոյահոգեբանական վիճակի վրա բացասական ազդեցություն ունենալ:

Հարցին՝ ասացիք արձանագրվել են դասալիքների 10 հազարից ավելի դեպքերը, հետեւաբար դրանց հետեւում կան անուն-ազգանուններ, ինչո՞ւ չի հրապարակվում այդ ցուցակը՝ անուն առ անուն, հանրությունն իրավունք ունի իմանալ ովքեր են մեր երկրի դասալիքները, բացի այդ, ո՞նց է դասալիքների թվաքանակը ճշտվել, երբ որ իշխանություններին անընդհատ քննադատում են, որ մինչ օրս 44-օրյա պատերազմի զոհերի անունները ամբողջական ցուցակով չի հրապարակվել՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ով որ մեղադրում է, ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը, բոլորի անունները հրապարակված են, ի՞նչը չի հրապարակվել: Այսինքն, մեկ ընդհանրական ֆայլո՞վ եք ուզում, բոլորի անունները հրապարակված են: Դասալիքների ցուցակի հետ կապված չեմ կարող որեւէ բան ասել, բայց կարծում եմ, քանի դեռ չկան համապատասխան դատական վճիռներ այդ գործերի առնչությամբ, կարծում եմ ճիշտ չի անուններ հրապարակելը, որովհետեւ ինքներդ էլ լավ հասկանում եք, թե ինչի դա կարող է հանգեցնել»:

Այսինքն, անուններ չեն կարող հրապարակել, որովհետեւ դատավճիռ չկա, բայց այդ 11 հազարի հետ կապված մտքում արդեն դատավճիռ անել, դասալիք հանել ու այդ մասին հրապարակելն ընդունելի է ու այս դեպքում ինչի դա կարող է հանգեցնել՝ կարեւոր չէ:

Դիտարկմանը, որ այս առումով քննադատում են, որ իշխանությունները Ալիեւի հետ այսպես ասած «պասերով» են խաղում, երկրորդում են իրար, որովհետեւ այդ 11 հազար դասալիքների թիվը մեկ էլ հնչել է Ալիեւի շուրթերից եւ հանկարծ մեր վարչապետի կինն է դա ասում՝ Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Այդ մարդիկ, ովքեր ասում են՝ պասերով են խաղում Ալիեւի հետ, իրենք Ալիեւի անձնական ոչ թե պասերով խաղացողն են, այլեւ գնդակ մատակարարողն են: Շատ հաճախ հենց նաեւ գնդակն են Ալիեւի, որը շատ հաճախ Ալիեւը ոտքով տշում է եւ գցում է մեր դաշտ: Իսկ ինչ վերաբերվում է այդ թվին, դե հիմա իրականությունից եթե ուզում եք փախչենք՝ փախչենք: 10 հազարից ավելը ռեալ է: Հիմա այդ մարդիկ չգիտե՞ն որտեղ են պահվել այդ դասալիքները, ոչ մեկը չգիտի՞ էս երկրում որ բերդում են պահվել մի քանի հազարը, ոչ մեկ չգիտի՞ այդ թվերը»: Երբ արձագանքեցինք՝ դուք պիտի հրապարակեք, որ իմանանք՝ նա պատասխանեց. «Ախր անկեղծ մեր հասարակությունը շատ լավ գիտի իրականում: Որքան էլ այս շահարկումները փորձեն լինեն, էդ օրերին Արցախում եղած մարդը շատ լավ գիտի, թե որ բերդում քանի հազար հոգի է եղել, ինչ է եղել, ոնց է եղել: Էդ ամեն ինչը մարդիկ շատ լավ գիտեն: Ու զուգահեռ կեղծ իրականություն ստեղծելու մոտիվը, որ շատ հաճախ փորձում է ընդդիմությունը, սովորաբար ինքը դատապարտված է ձախողման»:

Ճշտեցինք՝ պատերազմից 2 տարուց ավելի է անցել, այսքան ժամանակ այդ դասալիքներին պահել են բերդում՝ առանց դատի ու դատավճռի՞՝ նա պատասխանեց. «Չէ, խոսքը գնում է հենց գործողությունների ընթացքի մասին: Ռազմական գործողությունների ընթացքում դասալիքներին պահել են հստակ տեղեր»:

Հարցին՝ բա հիմա ո՞ւր են նրանք՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ես ինչքան գիտեմ, մի շատ մեծ մասի հետ կապված քրեական գործերը կան, մի մասի հետ կապված չկան դեռ, գուցե ընթացքի մեջ են, բայց, այնուամենայնիվ, ծավալը ինքներդ էլ հասկանում եք, որ չափազանց մեծ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930