«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթով այդ թվում սահմանվում է, որ կարգելվի սմարթֆոնների օգտագործումը զինվորական ծառայության ընթացքում։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում նախագծի զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարեց, որ միայն հատուկ դեպքերում եւ հատուկ թույլտվությամբ զինծառայողները կօգտվեն հեռախոսներից։
Հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց․ «Կան սպաներ, որոնք սմարթֆոններն օգտագործում են ըստ նշանակության՝ դիրքային ծառայության ժամանակ որոշակի տեղեկատվություն փոխանցելու ժամանակ։ Դա ո՞նց է կարգավորվելու, որ ստիպված չլինեն պլանշետ գնել»։
Արման Սարգսյանը պատասխանեց, որ բացառություն համարվող դեպքերը պաշտպանության նախարարը հրամանով է կանոնակարգելու․ «Հիմնավորված դեպքերում՝ ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ոմանց կթույլատրվի ոչ միայն սմարթֆոն, այլեւ ժամանակակից միջոցներ»։
Կարդացեք նաև
Նախագծով նաեւ պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքերում։ «Օրինակ՝ տարածված է, որ հովիվները զինվորական համազգեստն են օգտագործում։ Նրանց վրա խիստ տարածվելու է այս դրույթը, եւ համազգեստը կրողները խիստ պատասխանատվության են ենթարկվելու»,-նկատեց Հայկ Սարգսյանը։
Այս առնչությամբ էլ Արման Սարգսյանը նշեց․ «Թե ձկնորսական, թե որսորդական նպատակներով զինվորական համազգեստ կրողները շատ են։ Կթույլատրվի միայն այն դեպքում, երբ տվյալ պահին զինված ուժերում չի կիրառվի այդ համազգեստը»։
Ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց․ «Ըստ մասնագետների՝ թշնամին սովորական հեռախոսն էլ է կարողանում լսել։ Սովորական հեռախոսը տեղորոշման խնդիր չի առաջացնո՞ւմ»։
Արման Սարգսյանը պատասխանեց․ «Բոլոր տեսակի բջջային հեռախոսները հնարավոր է տեղորոշել, բայց համացանցի հասանելիություն ունեցող հեռախոսներն ավելի վտանգավոր են՝ տեղորոշվելու եւ լուսանկարներ անելու հնարավորություններով։ ԱԱԾ-ի բացահայտած դեպքերի մեծ մասում տեղեկությունների փոխանակման մեջ բացասական դեր է կատարում սմարթֆոնների օգտագործումը։ Չեմ կարող թաքցնել, որ որոշ դեպքերում զինծառայողները, հասանելիություն ունենալով համացանցին, խաղադրույքներ են կատարում եւ հետեւանքներ ունենում»։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս օրենսդրական կարգավորումները կարեւորեց եւ մատնանշեց՝ պետք է բացառվեն իրավիճակները, երբ որեւէ զինծառայող «հեռախոսով սիրածի հետ կապ չհաստատելու պատճառով ինքնասպան լինի կամ խաղադրույք անի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ