Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի իշխանության օրոք Արցախում հանձնել ենք 10,5 հազար, ՀՀ տարածքից՝ 1200 քառակուսի կիլոմետր. Հրանտ Բագրատյան

Ապրիլ 03,2023 18:25

Բանակը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերով փոխարինելու  կառավարության որոշման մասին, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է. «Մենք ունենք 1400 կմ սահմանագիծ Ադրբեջանի հետ. կիլոմետրի վրա 20 զինվոր դնելու դեպքում, մեզ պետք է 40 հազար զինվոր: Այսինքն, երբ բանակը տալիս ենք ԱԱԾ-ին, բանակ չպիտի մնա: Երկիրը պուճուր է, սահմանը՝ երկար, կտրտված: Ինչո՞ւ է այսպես անում, ինչո՞ւ ԱԱԾ-ին. նախ՝ ԱԱԾ-ն ունի 20 անգամ պակաս անձնակազմ, քան բանակը»:

Այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հրանտ Բագրատյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի, քանի որ երբ Ալիեւն առաջ է գալիս, նրան ասում է՝ իր դեմ ուժ չհանել ու երբ Նիկոլ Փաշինյանը հրաման է տալիս՝ հայկական զորքերի հետքաշման, ոմանք չեն նահանջում, իսկ ԱԱԾ-ն՝ կնահանջի. «Այստեղ մաքուր դավաճանության հետ գործ ունենք»: Ըստ բանախոսի, ի տարբերություն Ադրբեջանի, ռուս սահմանապահները, որքան էլ մենք նրանցից գոհ կամ դժգոհ լինենք, չեն ցանկանում ստուգել Արցախ մտնող եւ Արցախից դուրս եկող բեռները՝ ասելով, որ այդ դեպքում, միջանցք չի լինում. «Իսկ Հայաստանը, պարզվում է, կողմ է, որ այնտեղ ադրբեջանական անցակետ լինի, բայց քանի որ ռուսները չեն թողնում, ասում է՝ Ադրբեջան, արի դու Կոռնիձորի հողերը գրավի եւ այնտեղ, այսօր ադրբեջանական անցակետ է: Մենք Արցախ գնալուց մինչեւ ռուսներին հասնելը, մի հատ էլ ադրբեջանական հենակետ ենք անցնում. հասկացեք՝ ի՞նչ է կատարվում, եթե այսքանը մենք այսօր չենք հասկանում, բոլորս մեզ ավանակի տեղ ենք դնում: Դավաճանությունը շարունակվելու է»:

Նա մանրամասնեց, որ Կոռնիձորում սահմանային վեճ չի եղել, Հայաստան-Ադրբեջան սահմանը ձորն է եղել, մինչդեռ ադրբեջանցիներն առաջ են եկել մեր տարածքում եւ մենք ավելի քան 100 քառակուսի կիլոմետր Տեղում կորցրել ենք: Այսպիսով, Փաշինյանի իշխանության օրոք Արցախում մենք հանձնել ենք 10,5 հազար քառակուսի կիլոմետր, ՀՀ տարածքից՝ 1200 քառակուսի կիլոմետր:

Նա ուշագրավ է համարում հանգամանքը, որ Տեղ գյուղում տեղի ունեցածի ժամանակ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն հայտնեց օգնելու ՀՀ-ին, բայց Հայաստանից պատասխան չեղավ, իսկ որեւէ արեւմտյան երկիր՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու վերաբերյալ դիտարկում չհայտնեց. «Ինչի՞. որովհետեւ, բոլոր արեւմտյան դեսպաններին, վստահ եմ, ասվել է՝ սա արվում է, որ Ալիեւն իր երազած ստուգման կետը դնի ու բոլորը համաձայն են դրա հետ: Եվ, ըստ էության, Տեղ-Կոռնիձոր ակցիան նաեւ ռուսների դեմ է»:

Նա հակադարձում է Ալեն Սիմոնյանին՝ իրենց իշխանությունը լեգիտիմ չէ եւ հենց իրենց վրա է պետք թքել ու հորդորում է բոլորին՝ վաղը, 16.00-ին, գնալ խորհրդարանի մոտ կայանալիք հանրահավաքին: Հրանտ Բագրատյանը խոստանում է՝ հենց իշխանությունը փոխվեց՝ խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու, քանի որ Ալիեւը կիմանա՝ իր դիմաց կանգնած են տղաներ, որոնք իր պատասխանը կտան:

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ իր խոսքում երկրորդեց Հրանտ Բագրատյանին, որ այն իշխանությունը, որը հետո կգա Հայաստանում, պետք է բարեկամ եւ դաշնակից պետությունների հետ հարաբերությունները կարգավորի, ինչն էլ կկանխի պատերազմը: Ինքը համամիտ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամբողջովին կորցրել է իր լեգիտիմությունը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու երեսին թքելու միջադեպին էլ, նա ասաց. «Այդ տղան վիրավորեց երեւանցի տղերքին, որովհետեւ երեւանցի տղերքը մեր սերունդն էր եւ մենք երբեւէ թույլ չէինք տա, որ որեւէ մեկը մյուսի նկատմամբ այդպես վարվեր. ազնիվ կռիվ կարող էր լինել, բայց ոչ թե ձեռքերը ոլորեն, որ դու ինչ-որ մեկի վրա թքես»:

Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ է համամիտ՝ ՔՊ-ն լեգիտիմ չէ, իրավական չեն, Հայաստանում վաղուց արդեն քայլ առ քայլ տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում: Նա համոզված է, որ ՀՀ քաղաքացին տեր կկանգնի իր պետությանն ու իր իրավունքներին, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի է ունեցել իշխանազավթում, ինչի արդյունքում ՀՀ-ի տարածքներից ամեն օր հանձնվում է Ադրբեջանին: Նարինե Դիլբարյանը պնդում է՝ Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, այլապես մենք այս տարածքում այլեւս չենք ապրի ու մեր պայքարն ու պահանջը միանգամայն սահմանադրական է:

Հնարավոր իշխանափոխությունից հետո, Արամ Սարգսյանի փոխանցմամբ, պետք է ձեւավորվի հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930