Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյան. Օրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանները նույնպես կատեստավորվեն

Ապրիլ 03,2023 17:41

««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով` ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 3-ի նիստում:

Առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Ըստ Արփինե Սարգսյանի` նախատեսվում է ունենալ եռափուլ ատեստավորման համակարգ:

Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիս ամսից:

Ծրագրի գործողության առաջին ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:

Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են ոստիկանության բոլոր ծառայողները` անկախ պաշտոնի խմբից: Բացառություն են կազմելու միայն բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ այն ծառայողները, որոնք տեղափոխվելու են Ներքին գործերի նախարարության տիրույթ:

Ատեստավորման գործընթացի համար պատասխանատու ծառայության կողմից ատեստավորման անցկացման ժամանակացույցները կազմվելու են այն հաշվարկով, որպեսզի նույն փուլով ատեստավորվող, կոնկրետ ստորաբաժանման (ծառայության) ծառայողների թիվը չգերազանցի համալրված ծառայողների մեկ երրորդը` աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով:

Պաշտոնի խմբով պայմանավորված` ատեստավորման կարգը եւ պայմանները կարող են լինել տարբերակված:

Ատեստավորման ընթացքում ստուգվելու եւ գնահատվելու են վերոնշված ծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական հմտություններն ու մասնագիտական պիտանելիությունը (համակարգչային թեստավորման միջոցով), ինչպես նաեւ ֆիզիկական եւ կրակային պատրաստականության վիճակը (համապատասխան նորմատիվային վարժությունների կատարման միջոցով):

Մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր եւ մասնագիտական հարցերից:

Արփինե Սարգսյանի հավաստմամբ նախագծի նպատակն է համակարգում թողնել այն անձանց, որոնք կարող ուժ են ոստիկանության համար:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, նշել է, որ դրանով սկսվում է մի գործընթաց, ինչն ուղղված է ոստիկանների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների բարձրացմանը:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին, այն ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930