Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի մայր. «Հիշո՞ւմ եք, որ Ալիեւն ասում էր. ես քայլելով կմտնեմ Երեւան: Ինքը հիմա այդ ճանապարհին է, քայլելով գալիս է առաջ»

Ապրիլ 03,2023 17:33

44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որի կոչով շուրջ 30 մարդ մեկնել էր Սյունիք, այսօր «Հայելի» ակումբում պատմեց, թե ինչ իրավիճակի ականատեսն են դարձել տեղում:

«Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ սկսել են խոսել: Վաղուց պետք է խոսեին: Բայց լավ է՝ ուշ, քան՝ երբեք: Ի՞նչ տեսանք Սյունիքում: Հիշո՞ւմ եք, Ալիեւն ասում էր. ես քայլելով կմտնեմ Երեւան: Ինքը հիմա այդ ճանապարհին է, քայլելով գալիս է առաջ: Այս թուրքակենտրոն իշխանությունը հիմա նոր ռազմավարություն է որդեգրել: Քանի որ սրանք գիտեն, որ եթե նորից զոհեր լինեն սեպտեմբերի 13-ի պատերազմի նման, մարդիկ դուրս են գալու փողոց եւ երրորդ անգամ սրանք չեն պրծնելու, որոշել են լուռ հանձնել՝ անունը դնելով, թե խուսափում ենք էսկալացիայից, հասանք նրան, որ զոհեր չունենք: Բայց թուրքերի հետ պայմանավորված՝ լուռ հանձնում են:

Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ բանակն այլեւս սահմանին չի լինելու, որ փոխարինում են, այսպես կոչված, սահմանապահ զորքերը, որոնք ԱԱԾ զորքերն են: Իսկ ԱԱԾ-ն, գիտենք, այսօր Նիկոլի տակ է: Պարզ է, որպեսզի նորից, հերթական անգամ չունենան անակնկալներ, այսինքն, հայրենանվեր, հայրենասեր մարդիկ, որոնք հրաժարվում են դիրքերը թողնել, հրաժարվում են հետ քաշվել, ասում են, եթե թուրքը առաջ գա, կկրակենք, օրինակ, նույն Մոնախի խումբը, հաշված րոպեներում անմիջապես իջեցնում են դիրքերից, դիրքերը հանձնում են, դնում նոր անցակետ, այդտեղ կանգնեցնում ոստիկաններ, որոնք ոչ մի սպառազինություն չունեն: Եվ նրանք քայլ առ քայլ զավթում են մեր տարածքները:

Սա շատ ավելի վտանգավոր է: Ես հասկանում եմ, որ այո, լավ է, որ 19-ամյա երեխաներ նորից չեն զոհվում, սակայն ինչպես լսեցիք, դրա կարիքը չի էլ լինի, որովհետեւ այդտեղ ապրող գյուղացիք, կամավորականները պատրաստ են այդ երեխաների փոխարեն գնալ եւ կանգնել: Բայց նրանց, պարզապես, թույլ չեն տալիս: Եթե այսպես շարունակվի, վախենամ՝ Ալիեւի խոստումը, թե քայլելով կմտնի Երեւան, որը թվում էր, թե պոռոտախոսություն է, շատ մոտ ժամանակներս դառնա իրականություն:

Բոլոր նրանք, որ այսօր ուրախանում են, թե, վայ, զոհ չունենք, ոչինչ, թող դա էլ տան, նա էլ տան, երբ թուրքը կհասնի Երեւան ու իրենց տները կտան, գուցե այդ ժամանակ նորից կուրախանան:

Ու տեսեք: Այս տականքը անընդհատ խոսում է խաղաղությունից չէ՞ ու իբր որեւէ նախապայման չկա: Ի՞նչ է անում սա: Քանի որ այդ խաղաղության պայմանագրի շրջանակներում պիտի լինի, այսպես կոչված, սահմանազատում եւ սահմանագծում, սա մինչ այդ հնարավորինս շատ հող է տալիս: Դրանից հետո արդեն սահմանազատման ու սահմանագծման ժամանակ էլի հող կհանձնեն:

ԱԱԾ-ն լուր տարածեց, թե թշնամին ընդամենը 500 կամ հազար մետր է առաջ եկել, իբր դա շատ քիչ է քո երկրի մեջ: Եվ այն բուֆերային գոտին, որ ձեւավորվելու է, դա էլ է մեր հաշվին լինելու: Այսքանից հետո, երբ նայում ես, հինգ կիլոմետրն էլ է անցնում: Թուրքերը այդ բուֆերային գոտին էլ են յուրացնելու ու անցնեն հաջորդ տարածքին: Այնպես որ, Տեղ գյուղի բնակիչները ճիշտ են ասում, որ եկել կանգնել են գյուղի բերանին: Ի դեպ, Սիսիանի ոստիկանները, որոնք չեն ցանկանում, որպեսզի իրենց անունները հնչեցվեն, նրանց մեջ մեկը կար, լացը գալիս էր, ասում էր, հերիք չի մի գիշերվա ընթացքում, երբ հերթափոխը հանձնել են, իսկ առավոտյան եկել ու տեսել են, որ անցակետն արդեն իրենց կանգնած տեղում է, ասաց, որ ադրբեջանցիներն ամենաքիչը հինգ կիլոմետր առաջ են եկել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930