Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ այն թքի վերադարձն է, որ ադրբեջանցիները թքում են իրենց երեսին». Սերժ Սրապիոնյան

Ապրիլ 03,2023 17:20

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, վաղը՝ ապրիլի 4-ի, ժամը 16։00-ին Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի մոտ հանրահավաք է հրավիրում: Հանրահավաքը երկու նպատակ ունի, շարժման անդամները ՀՀ ԱԺ-ից պահանջում են ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը, որը նա ձեռք է բերել օրինական ու լեգիտիմ ճանապարհով եւ պահանջում են՝ ՀՀ վարչապետի ու իր թիմը ինքնակամ հրաժարական տան, այլապես սպառնում են նրանց հեռացնել համաժողովրդական ճնշմամբ, քանի որ գործող իշխանությունը «վարի է տալիս» 105 տարվա պետությունը։ Շարժման անդամները հույս չեն փայփայում, որ վաղն անպայման կհասնեն իրենց նպատակին, բայց նաեւ հայտարարում են, որ հետ չեն կանգնելու դրանից:

Հիշեցնենք, շարժման անդամները դեռ արցախյան շարժման 35-ամյակի օրը՝ փետրվարի 20-ին, «Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» համահավաքի բանաձեւ ընդունեցին: Փետրվարի 24-ին՝ բանաձեւ-դիմումը փոխանցվեց խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Մարտի 15-ին, շարժման անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները փոխանցել էին, որ կիսում են բոլոր մտահոգությունները, որոնք արտահայտված են հայտարարություն-պահանջագրում եւ համամիտ են առաջարկվող քայլերի հետ, սակայն, նկատի ունենալով այն դառը փորձը, որ քաղաքական մեծամասնությունը մշտապես տորպեդահարում է ընդդիմադիր փոքրամասնության բոլոր նախաձեռնությունները, քայլերը, հաճախ դրանք անգամ ԱԺ լիագումար նիստերի օրակարգում չեն ներառվում՝ մերժվելով գլխադասային հանձնաժողովում, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այժմ չկա համաժողովրդական պահանջ, որը պարտադրանք կհանդիսանա իշխող ուժի համար, իրենք ձեռնպահ կմնան շարժման առաջարկն իրականացնելուց, որպեսզի միջազգային բանակցողների՝ միջնորդների հնարավորություններն էլ չսահմանափակվեն:

Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից մինչ օրս որեւէ արձագանք չի եղել: Վաղվա հանրահավաքում հնչելիք կոչերը հենց իշխող ուժին են վերաբերելու:


Շարժման համակարգող խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ շարժման անդամ կազմակերպությունները միակարծիք չեն բոլոր հարցերում, բայց այն պահանջները, որոնք ձեւակերպված են, դրանց շուրջ համախմբված են: Նա կոչ արեց այլ ակտիվ խմբերի ևս միանալ այդ պահանջներին, քանի որ չունենք այնպիսի վիճակ, որպեսզի ընտրենք, թե ո՞վ է ամենա-ամենան: Բոլոր նրանք, ովքեր տեսնում են, թե ինչ արհավիրք է բերում գործող վարչակազմը՝ համայն հայության ճակատագրին, իր կարծիքով, պետք է միանան. դրանք ե՛ւ 2018-ին խաբվածներն են, ե՛ւ արտահերթ ընտրությունների ժամանակ գործող իշխանությանը դարձյալ հավատացածները:

Շարժման համակարգող խորհրդի անդամ Սերժ Սրապիոնյանն էլ հավելեց՝ հայ ժողովուրդը պետք է գնա աննախադեպ միավորման՝ հանուն պետության, պետականության եւ հայրենիքի փրկության, ինչպես բոլոր պատերազմական շրջաններում է միավորվել, իսկ մենք դեռ պատերազմի մեջ ենք: Նա աննախադեպ է համարում օրերս տեղի ունեցածը, երբ հայկական երկու զորամիավորումները իբրեւ պատահաբար, կրակել էին միմյանց վրա, ինչի արդյունքում զոհ ունեցանք: Հիշեցնում է հայկական ասույթը. «Հայը թակի Վարդանին, թուրքը թակի Վարդանին». սա այսօր է, այսօր, երբ հայ մարդը զբաղեցնում է պետական կարեւորագույն պաշտոնը՝ թքում է հայ մարդու երեսին: Այդ այն թքի վերադարձն է, որ ադրբեջանցիները թքում են իրենց երեսին եւ նրանք, այլ հասցե չգտնելով՝ վերադարձնում են մեր ազնիվ ժողովրդի երեսին»: Նա հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկար նման կետ, որ ՀՀ տարբեր սահմանային գոտիներից զորքերը հետ քաշեն ու մեր մերկ մարմինը հանձնեն զեղուններին: Նա կոչ արեց միավորվել եւ բուժել վերքերը, որը խունտայի հեռացման մեջ է:

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն էլ մանրամասներ ներկայացրեց զոհված զինծառայողների ծնողների մի խմբի՝ օրերս Սյունիք, Տեղ գյուղ կատարած այցից. «Հողերը հանձնում են լուռ, որպեսզի զոհերից խուսափեն, մահվան օղակը մեր շուրջ սեղմվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930