«Պարոն Սահակյանին կալանավորելու հիմքերը բացակայում են։ Առհասարակ, այս պահին չի կարող խոսք գնալ խափանման միջոցի մասին, որովհետեւ մեղադրանք չկա։ Կա անձեռնմխելիություն, հետեւաբար՝ մեղադրանք չկա։ Եթե դատախազը նման միջնորդությամբ մտնի ԱԺ, այդ ժամանակ դիրքորոշում չհայտնենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր եղել Սահակյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ։
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Մհեր Սահակյանն անգամ իրեն խնդրել է չբողոքարկել ոստիկանների՝ իրեն ձերբակալելու որոշումը․ «Իրականում եղել է հարված եւ նա ընդունում է դա։ Թեեւ մենք տեսնում էինք հիմքեր ձերբակալման ընթացակարգի մասով, որովհետեւ անհամաչափ ուժ է կիրառվել։ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե Սահակյանի ձեռքին առարկա չի տեսել, բայց ինձ տվել են քննիչի որոշում, որում ուղիղ գրված է, որ հաղորդման մեջ այդ մասին ասել է Վլադիմիր Վարդանյանը։ Նա հաղորդում է տվել այն մասին, որ Մհեր Սահակյանը մոտեցել եւ աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով հարվածել է։ Այսինքն, քննիչի որոշման մեջ Վլադիմիր Վարդանյանը նշել է առարկայի մասին, սակայն հանրությանն այլ բան է ասում։ Ու ինքը շատ լավ գիտի, որ որեւէ առարկա չի եղել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ