Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ». Ալեն Սիմոնյան

Ապրիլ 03,2023 17:00

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Մենք հպարտ ենք, որ Դուբրովնիկ քաղաքի ամենահայտնի Սուրբ Վլասի եկեղեցին կառուցվել է ծագումով հայ սուրբ հովանավորի պատվին»,- ողջունելով հյուրերին՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Գործընկերներն արձանագրել են, որ հայ-խորվաթական հարաբերությունները հիմնված են փոխվստահության, հարգանքի եւ երկու երկրների միջեւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս մեր երկրների միջխորհրդարանական համագործակցությանը: Ընդգծվել է օրենսդիրների գործակցությունը բազմակողմ խորհրդարանական հարթակներում:

«Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցության մասին՝ պետք է ասեմ, որ ԵՄ-ն Հայաստանում բարեփոխումների իրականացմանն աջակցող հիմնական գործընկերներից է: Կարեւորում ենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացումը եւ այս հարցում ապավինում ձեր աջակցությանը եւս»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Պատվիրակների խնդրանքով ծավալուն զրույց է ընթացել Լաչինի միջանցքի ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումների վերաբերյալ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների շրջափակմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային եւ հումանիտար աղետի վերահաս վտանգի առաջ: Խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից եւ պատանդներից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված եւ ձերբակալված անձանց, ավիրում կամ յուրացնում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղությունն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930