Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Բյորն Սյոդերի գլխավորությամբ։
Ողջունելով շվեդ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և այդ հարցերի բարձրաձայնումն ինչպես Շվեդիայի Ռիկսդագում, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական հարթակներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շրջանակ:
ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի՝ ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ նաև վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նման կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության տեղակայման հրամայականը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ