Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ տղաները նման կեցվածք չեն ցուցաբերում․ թող մի պահ իրենց առանց թիկնապահների պատկերացնեն»․ Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 03,2023 16:36

«Երեկ հոխորտալուց հետո Ալեն Սիմոնյանը հավանաբար հասկացել է, որ հակառակ ազդեցությունը եղավ ու սկսել է ներկայանալ զոհի կարգավիճակում։ Իրենք՝ Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանան, որ լինի Երեւանում թե գյուղերում՝ մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, որոնք հիշեցնելու են, թե ովքեր են իրենք եւ ինչ վիճակի են հասցրել երկիրը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Մհեր Սահակյան-Վլադիմիր Վարդանյան միջադեպի, Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին գրառում անելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է․ «Սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու»։ Ավելի վաղ ԱԺ նախագահը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա։

Նման դեպքերին, Սաղաթելյանի բնորոշմամբ, իշխանական պաշտոնյաները բռնությամբ են արձագանքում, եւ դա միշտ ունենալու է հակառակ ազդեցություն։

Սաղաթելյանը չբացառեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կլինի․ «Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Ենթադրում ենք, որ այդ ճանապարհով կարող են գնալ, որովհետեւ մեր երկրում երկակի են կիրառում օրենքը։ Իշխանական պատգամավորները շատ խուլիգանական դրսեւորումներ են ունեցել, եւ իրավապահներն անգործություն են դրսեւորել։ Այդ թվում այն դեպքում, երբ 20-30 հոգով հարձակվել էին պատգամավորի օգնականի վրա։ Դրա տեսագրությունը, չգիտես ինչու, «Հայկական ժամանակ»-ում չհայտնվեց: Եթե ՀՀ-ում օրենք լիներ, այսօր Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այդ խմբակը բանտում կլինեին։ Իրենք հավերժ չեն մնալու իշխանության։ Աշխարհում ոչ մի իշխանություն հավերժ չէ, իրենցը՝ առավել եւս։ Իրենց ձեռքերն արյունոտ են, եւ պատասխան են տալու։ Իրենք հանձնել են հայրենիքի մի մասը։ Մնացածը երկրորդական է»։

Դառնալով Ալեն Սիմոնյանի՝ իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա թքելու դեպքին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Հերթական խուլիգանությունն է։ Չհերքեց ու ներկայացավ Երեւանի լավ տղա։ Լավ տղաները նման կեցվածք չեն ցուցաբերում։ Թող մի պահ իրենց առանց թիկնապահների պատկերացնեն ու հասկանան, թե իրենց ինչ է սպասվում»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ընդդիմությունն ի՞նչ է անում այս վիճակում, նախատեսո՞ւմ է արդյոք նորից փողոց դուրս գալ, Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Պետք է համախմբել, փոխել օրակարգն ու ազատվել իշխանությունից։ Փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր։ Ավելի կազմակերպված պետք է դուրս գալ։ Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից, այդ պահից այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կհեռանա իր նպատակից։ Բայց մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ։ Արցախը շրջափակման մեջ է, եւ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն դրա պատասխանը պետք է տան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930