Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանը առաջիկայում սակուրաներ տնկի Կասկադում՝ իր կատարած հանցանքի համար». Էդգար Ղազարյան

Ապրիլ 03,2023 16:44

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Նա առաջարկել էր հանդիպում իշխող խմբակցության հետ՝ ցանկացած ձեւաչափով, որեւէ կերպ չեն արձագանքել:

Լրագրողները խնդրեցին գնահատական տալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն «դավաճան» անվանող քաղաքացու դեմքին թքելուն՝ հիշեցնելով, որ Հյուսիսային պողոտայում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին գոռացել «դավաճան», բայց նա չէր հրահանգել իր անվտանգության աշխատողներին քաղաքացու ձեռքերը բռնել ու չէր թքել նրա աչքին: Էդգար Ղազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը միգուցե Հյուսիսային պողոտայում նման բան չէր արել, բայց արել էր Հանրապետության հրապարակից Գարեգին Նժդեհի հրապարակ երթուղու ժամանակ. «Երբ քաղաքացիներից մեկը պատշգամբներից նրա հասցեին քննադատական բացականչություն էր արել, նա տեսախցիկների համար լսելի ձայնով ասել էր՝ հանգիստ, հանգիստ, քո հետեւից կգան: Հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ գիշերն այդ երիտասարդի նկատմամբ բռնություն է գործադրվել եւ այդ բռնության հանգամանքների բացահայտման մասին ոչ ես եմ լսել, ոչ էլ դուք: Այդ մեթոդի կիրառումը նաեւ Նիկոլ Փաշինյանին է բնորոշ: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի երեկվա պահվածքին, դա առանձնապես մեծ յուրահատկություն չունի՝ իրականացնողի իմաստով, Քրեական օրենսգիրքը այդ վարքագիծը ներկայացնում է որպես խուլիգանություն: Դա ՔրՕրի 297 հոդվածն է, որի համար, ի դեպ, կան պատժի տարբեր տեսակներ, այդ թվում՝ հարկադիր աշխատանք: Այնպես որ, չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանը առաջիկայում սակուրաներ տնկի Կասկադում՝ իր կատարած հանցանքի համար: Բայց դա Քրեական օրենսգրքի միակ հոդվածը չէ, որ բնորոշ է ԱԺ նախագահին: Քրեական օրենսգրքի 438 հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցության իրական կամ ենթադրյալ օգտագործելը, որովհետեւ նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ կարգադրել է ՊՊԾ աշխատակիցներին իրականացնել գործողություն: ԱԺ նախագահի լիազորությունները, որ սահմանված են ԱԺ կանոնակարգ օրենքում, չեն նախատեսում, որ նա իրավասու է որեւէ իրավապահ մարմնի աշխատակցի, այդ թվում՝ ՊՊԾ-ին, հանձնարարություններ տալ: Եթե նա իր իրական դիրքը չարաշահել է, դա մյուս հանցագործությունն է»:

Ըստ Էդգար Ղազարյանի, Ալեն Սիմոնյանը նաեւ 441 հոդվածն է խախտել՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը. «Այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը ենթադրյալ եւս մի հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկություն: Նա նշել է, որ երեկ իբր բռնության է ենթարկվել վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության մասին» օրենքով, ոչ միայն վարչապետը, այլեւ նրա ընտանիքի անդամները հանդիսանում են պետական պահպանության օբյեկտ: Եվ եթե պետական պահպանության օբյեկտի նկատմամբ իրականացված լիներ որեւէ հանցագործություն, բռնություն, ապա այդ մասին անպայման հաղորդագրություն պետք է տարածեր ՊՊԾ-ն, ոստիկանությունը կամ ՔԿ-ն: Քանի որ նման հայտարարություն չկա, նշանակում է, որ ԱԺ նախագահի տեղեկությունները առնվազն կեղծ են կամ հիմնված են գիշերը այլ աղբյուրներից ստացած ինֆորմացիայի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930