Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Դիրք Շուբելի հետ, որի ընթացքում դժգոհել է Հայաստանի «ռազմաքաղաքական սադրանքներից»:
«Մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի կողմից վերջին շրջանում սադրանքների ակտիվացումը համընկել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայության հետ՝ Բայրամովն ընդգծել է, որ անթույլատրելի է օգտագործել նշված առաքելությունը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վնաս հասցնելու պատրվակ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բայրամովը Շուբելին տեղեկացրել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող վերականգնողական-շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգն առաջ տանելու ջանքերի մասին:
Բայրամովը նաև նշել է, որ «Հայաստանը, որը հրաժարվում է իր ստանձնած պարտավորությունները կատարելուց, մշտապես ռազմաքաղաքական սադրանքներ է իրականացնում, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ