«Իրականում ես եւ Վլադիմիր Վարդանյանը գտնվել ենք անհավասար պայմաններում։ Աշխատանքային քննարկման ժամանակ Վարդանյանը մի քանի անգամ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ եւ որպես նախագահող՝ չարաշահել իր լիազորությունները բռի կերպով։ Հերթական նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել, նկատողություն անել»,-ձերբակալվածների պահման վայրից այսօր դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը՝ անդրադառնալով իր եւ ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպին։
Մհեր Սահակյանը նշեց․ «Պահանջեցի, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորներին, ինչից նա ավելի ոգեւորվեց, կանգնեց ու քայլում էր դեպի ինձ՝ ասելով, որ ում վրա ուզի կարող է գոռալ։ Հաշվի առնելով իշխանական պատգամավորների, այդ թվում՝ Վլադիմիր Վարդանյանի վարքագիծը, որ իրեն թույլ է տվել հարվածել ընդդիմադիր պատգամավորին, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության եւ մեկ անգամ հարվածեցի»։
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների պնդումներին, որ դեպքի վայրում ինչ-որ մետաղական առարկա է գտնվել, որով, ենթադրաբար, Սահակյանը հարվածել է Վարդանյանին, Մհեր Սահակյանը նախ լսածից ժպտաց․ «Սուտ է։ Հարվածել եմ ձեռքով։ Մեկ անգամ հարվածելուց հետո չցանկանալով, որ վեճը տարածվի, հեռացել եմ նիստերի դահլիճից՝ գնացել եմ մեր փորձագետների սենյակ»։
Ինչ վերաբերում է մոնտաժված տեսանյութին, որի մի քանի տարբեր դրվագներում պատգամավորը վազում է, Մհեր Սահակյանը կրկին քմծիծաղելով ասաց․ «Այդ աշխատանքային քննարկումից ուշացել էի, եւ դահլիճ հասել եմ վազելով։ Որպես իրավաբան՝ իմ մոտ հարց է առաջանում, թե այդ տեսանյութերն ինչպե՞ս են հայտնվել, այն էլ՝ մոնտաժված։ Հավատացեք՝ ամեն ինչ իր պատասխանը կստանա։ Ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության։ Եթե վարույթն իրականացնող մարմինը կգտնի, որ անցել եմ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ»։
Կարդացեք նաև
Լրագրողը նշեց՝ ՔՊ-ականները լուսանկար են հրապարակել սոցցանցում եւ պնդել, թե միջադեպից հետո Մհեր Սահակյանը թաքնվել է կանանց պետքարանում։ Սահակյանն ասաց․ «Այդ տեսանյութերը, որ մոնտաժված հրապարակել են, դրանում նման բան կա՞։ Իրենց բնորոշ կեղծարարությունն է դա։ Ես շտապել եմ մեր փորձագետների սենյակ, հետո վայրկյանների ընթացքում ներկայացել եմ ոստիկաններին, երբ ինձ տեղյակ են պահել, որ ոստիկաններ են եկել»։
Վլադիմիր Վարդանյանի մեկնաբանությունը միջադեպի մասին՝ այստեղ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ