Սոցիոլոգ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում խոսելով օրերս Տեղ գյուղի շրջանում առանց կրակոցի ադրբեջանցիների տիրապետությանն անցած Հայաստանի ինքնիշխան տարածքի զգալի հատվածների մասին՝ ասաց. «Առաջին ամենակարեւորը, որ ուզում եմ նշել, տեղի է ունեցել այն, ինչի մասին մենք խոսում ենք 2018 թվականից ի վեր, որ թափառականները ոչ միայն Արցախն են հանձնելու, այլեւ՝ Հայաստանը:
Երկրորդ. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը առանց կրակոցի եւ առանց դիմադրության հանձնել է, հիշեցնեմ, Իշխանասարը, Շուռնուխը, Ճակատենը եւ էլի այլ տարածքներ: Եվ այս տրամաբանության մեջ Տեղը բացառություն չէ:
Հիմա, ինչ վերաբերում է հետեւանքներին: Ուզում եմ նշել, որ 44-օրյայից հետո Նիկոլ Փաշինյանը թշնամուն նվիրել է ոչ միայն տարածքներ, Հայրենիք: Թշնամուն նվիրվել է Հայաստանի եւ Արցախի հացի 75 տոկոսը: Այսինքն, այդ տարածքներում աճեցվում էր Հայաստանի սննդամթերք հացահատիկի 75 տոկոսը: Եթե որեւէ մեկը գարնանը կամ աշնանը Արցախ գնացել է, Տեղ գյուղով անցնելով տեսել է անծայրածիր հացահատիկի դաշտերը: Հիմա դա էլ չկա: Այն 75 տոկոսին գումարում ենք հացահատիկը, որը մենք արդեն չենք ստանա Տեղ գյուղի տարածքից: Այսինքն, մենք մատնված ենք ոչ միայն մարդկային, տարածքային կորուստների, այլեւ մենք մատնվում ենք սովի, որովհետեւ Հայաստանն այնքան փող չունի, որ նստի սննդի իմպորտի վրա: Իսկ դա ալյուրն է՝ հացն է, ձեր երեխաների տորթ ու էկլերն է: Հասկանում եք, չէ՞, ինչ բան է հացահատիկը:
Ապագայի մասին. ես շատ կուզենայի խոսել Տեղ գյուղի բնակիչների հետ, թե ում են ձայն տվել 2018-ին, 2021-ին: Գրեթե վստահ եմ, որ ձայն են տվել Նիկոլին եւ հայրենիքից ու եկամտի աղբյուրից զրկել են ոչ միայն իրենց, այլեւ բոլորիս: Ու մենք բոլորս, եւ իրենք առաջին հերթին, ստանում են այն պատասխանը, ինչի օգտին իրենք քվեարկել են 2018 եւ 2021 թվականներին»:
Կարդացեք նաև
Տիկին Ադիբեկյանը գրեթե համոզված է, որ բոլոր հանձնված տարածքների բնակչության կեսից ավելին քվեարկել են իշխող ուժի օգտին: «Այնպես որ, Տեղ գյուղի իրադարձությունները համահունչ են նրան, ինչ սկսվել է 2018 թվականին եւ նրան, ինչ ընտրել են իրենց ապագա»,-ասաց Արմինե Ադիբեկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ