Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Երևանցի տղա լինելը մի շահարկեք: Երևանցի տղերքը իրար վրա տենց չեն թքում և չէին թողնում փախչում». Նինա Կարապետյանց

Ապրիլ 03,2023 15:36

«Այնպես չէ, որ այս ԱԺ-ում են միայն այդ բռնությունները տեղի ունեցել: Հիշում ենք՝ միջանցքներում լրագրողների նկատմամբ բռնությունները, միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Եթե նախկինում «նազիր-վեզիրները», օգնականներին էին բռնության ենթարկում կամ «ախրաննիկները», հիմա, օրինակ, Ալեն Սիմոնյանը համարում է, որ այդ հարցը ինքնուրույն կարող է՝ որպես խրոխտ տղա լուծել և լուծում է ամենանվաստացուցիչ, ամենաստոր ձևով»,- «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ծեծկռտուք՝ խորհրդարանում. ի՞նչ հարցեր են լուծում ժողովրդի ընտրյալները» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցը:

Նրա փաստմամբ՝ ցավալիորեն ԱԺ-ում պարբերաբար տեղի են ունենում բռնություններ, և ամենակարևորը, որ մենք պահանջում ենք ամբողջ ընթացքում, գնահատականն է: Այս առիթով ասաց. «Նախկինում տեղի ունեցած բոլոր տեսակի իրադարձությունները, ներառյալ այն վարքագծային բացասական, անթույլատրելի դրսևորումները, որ մենք ունեցել ենք նախկինում, դրան գնահատական չտրվեց: Իշխանության ղեկին գտնվող անձանց տոտալ անպատժելիության մասին է խոսքը՝ յուրայինների: Ինչպե՞ս է ստացվում, որ նմանատիպ գործողությունների համար ՔՊ-ականները չեն պատժվում, քրեական գործեր չեն հարուցվում, ձերբակալման մասին հարցեր չեն բարձրացվում, բայց իրենց ընդդիմադիր իբր քաղաքական գործիչ համարող մարդու վերաբերյալ դա արվում է: Մեծ վերապահումով եմ վերաբերվում, քանի որ այդպիսի մարդիկ առհասարակ չպետք է հայտնվեն քաղաքականության մեջ, տեղ չպիտի ունենան, դա նաև խոսում է որակի մասին: Ընտրողներն էլ պետք է այս հարցի մասին մտածեն: Այնպես չէ, որ միայն դաշնակցական պատգամավորներն են նման վարքագիծ դրսևորում: Նման խուլիգանական վարքագիծ դրսևորում են ՔՊ-ականները, «Պատիվ ունեմ»-ը, բոլորը՝ առանց վերապահումների: Սա անպատժելիության, գնահատական չտալու, ծրագիր չունենալու հետևանք է: Շատ մեծ ցավով եմ ասում՝ նայել եմ մեկնաբանությունները, թե ինչպես էին հրճվանքով գնահատում հարվածի պահը, մյուսներն էլ Ալեն Սիմոնյանի արածը՝ առհասարակ ոչ մի սահմանների մեջ չտեղավորվող: Մի բան էլ կխնդրեմ: Երևանցի տղա լինելը մի շահարկեք: Երևանցի տղերքը իրար վրա տենց չեն թքում և չեն թողնում փախչում: Առհասարակ բոլորդ չափի մեջ պահեք ձեզ: Մի կողմից իրենք իրենց ներկայացնում են՝ որպես ժողովրդավարության, առաջադիմական գաղափարների կրող, մյուս կողմից գալիս են քրեական ենթամշակույթի դաշտ: Այն, ինչ դուք ձևական ներկայացնում եք, ոչ մի կապ չունի երևանցի տղայի հետ: Դուք լրիվ ալիքները խառնել եք: Դուք երևի նորմալ երևանցի տղերք չեք տեսել, դրա համար չեք պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը»:

Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ այս երևույթները պետք է մերժվեն հասարակության կողմից. «Հույս ունեմ, որ մինչև ընտրությունների հասնելը կմերժեն, քանի որ քայլ արա, մերժիր այն այլանդակությունը, որը մենք այսօր ստացել ենք ժառանգություն և ջանասիր պաշտպանում են գործող իշխանությունները, հետևանք է նրա, որ չմերժվեց համակարգը: Երբ դու համակարգը չես մերժում, երբ այդ բարոյալքված համակարգի մեջ տեղավորվում ես և սկսում օգտագործել այդ գործիքակազմերը, ստանում ես ավելի այլասերված տարբերակ: Հիմա կասեն՝ պրիվետ Ռոբի համար դրեցին, մարդ սպանեցին, հիմա պարզապես թքել է կամ պարզապես խփել է մյուսը: Այդպես չէ, դժվարը առաջին քայլն անելն է. հաջորդ քայլը լինելու է՝ «պրիվետ Ռոբ»: Եթե հասարակությունը հրճվում է, ուզում եմ հասկանալ՝ դուք ա՞յս էիք մերժում. դուք մարդ չեք մերժել, դու համակարգն էիք մերժում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930