Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանություն է տրվել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղ­ծե­լու մասին որոշմանը

Ապրիլ 03,2023 15:24

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղ­ծե­լու մասին որոշմանը, որով արգելոցի տարածքը սահմանվել է 5.8 հեկտար:

«Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Արգելոցի համար անհրաժեշտ տարածքը համարվում է պետական սեփականություն: Այդ հատվածում  գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ, մասնավորապես՝ Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.), որը կառուցել է հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ:

Արգելոցի ստեղծումն ամբողջությամբ համապատասխանում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ այն ստեղծվում է պատմական միջավայրի և հուշարձանների շուրջը:

Արգելոցի ստեղծումը չի հանգեցնի լրացուցիչ ֆինանսական պարտավորության. դրա հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:

Այսպիսով՝ որոշման արդյունքում կապահովվի հուշարձանախմբի ամբողջ տա­րած­քի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիր­ման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման՝ առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցի ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հավելենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ», «Բջնի ամրոց», «Սմբատաբերդ», «Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, որոնք դարձել են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր՝ նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ապահովել լրացուցիչ  ֆինանսական միջոցներ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930