Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արուսյակ Ջուլհակյան. Դիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է

Ապրիլ 03,2023 16:00

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամներն ապրիլի 3-ին հանդիպել են Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով գործընկերներին` Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության սերտացումը` ընդգծելով խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ձեւավորված գործակցությունն ու հանդիպումները:

Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ թե’ կորոնավիրուսային համավարակի, թե’ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը մշտապես զգացել է Լեհաստանի աջակցությունը: «Կարեւոր է, որ դուք հիմա նույնպես մեր կողքին եք»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը` այս համատեքստում արժեւորելով Լեհաստանի Սենատի կողմից վերջերս ընդունված բանաձեւը, որով դատապարտվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը: Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին` Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կապակցությամբ` ընդգծելով այդ հարցում Լեհաստանի ջանքերը: Նշվել է, որ դիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է: «Առաքելության տեղակայումից հետո չենք ունեցել ոչ լուրջ էսկալացիա, ոչ էլ Ադրբեջանի կողմից առարկայական սադրիչ գործողություններ: Համարում ենք, որ այդ առաքելությունն է զսպող ազդեցություն ունենում մեր հարեւանի սադրիչ գործողությունների վրա»,- ասել է խմբի ղեկավարը:

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի խոսքով Լեհաստանը վաղուց հետեւում է Հայաստանում, մասնավորապես, սահմանին տիրող իրավիճակին եւ մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ: «Կարծում ենք, որ միջանցքը հնարավորինս արագ պետք է վերաբացվի, եւ Հայաստանի ու իր հարեւանի միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- ասել է նա: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` լեհ խորհրդարանականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նույնպես Լեհաստանի ուշադրության կենտրոնում է: «Լեհաստանը փորձում է հնարավորինս աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նկատում ենք այն բարեփոխումները, որոնք արդեն իրականացվել են»,- ասել է պատգամավորը: Պատվիրակության ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարաբերություններով:

Այս համատեքստում Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է կնքել խաղաղության պայմանագիր` առանց խաղաղության: «Մենք չենք տեսնում խաղաղության ձգտման որեւէ նշան Ադրբեջանի կողմից գետնի վրա եւ բանակցություններում»,- ասել է նա եւ հավելել, որ Ադրբեջանը մեծացնում է իր սպառազինությունը, սկսել է շրջանառել «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որը, նրանց պատկերացմամբ, այսօրվա Հայաստանն է: Նրանք պաշտոնական ռազմավարություն են մշակել, թե ինչպես պետք է վերադառնան «Արեւմտյան Ադրբեջան»:

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Սեյրան Օհանյանը նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը, երախտագիտություն հայտնել Լեհաստանին` Հայաստանի եւ Արցախի համար այս դժվարին ժամանակներում աջակցության համար: Սեյրան Օհանյանը կարեւորել է միջազգային հանրության հասցեական եւ ճիշտ գնահատականների առկայությունը` ընդգծելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ սադրանքները չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղությանը: Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությանը: «Մեր տարածաշրջանում ռեալ, գետնի վրա, ռազմավարական առումով, անվտանգության պահպանման, նաեւ հետագա հակամարտությունների կանխարգելման առումով մենք տեսնում ենք այդ ռազմավարական համագործակցությունը»,- ընդգծել է նա:

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է խնդրին` նշելով, որ իր համար բարդ իրավիճակում Հայաստանը մնացել է առանց ռազմավարական գործընկերոջ եւ անվտանգության երաշխավորի աջակցության: «44-օրյա պատերազմից հետո ոչ մեկ անգամ, փաստացի, ամենաքիչը երեք անգամ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում է գործել եւ ունեցել տարածքային առաջխաղացում: Բոլոր այս դեպքերում ՀԱՊԿ-ը չի տվել անգամ քաղաքական գնահատական, որ եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում»,- ասել է նա: Պատգամավորի խոսքով այս բոլոր դեպքերում ՌԴ-ի կողմից հնչել է բացառապես հայտարարություն, որ ընթանում են բանակցություններ Ադրբեջանի հետ: Արդյունքում Ադրբեջանը շարունակել է մնալ առաջխաղացված դիրքում:

Հանդիպմանը հայ եւ լեհ գործընկերներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա համագործակցության լայն շրջանակը` այդ հարցում կարեւորելով ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930