ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրերս իր թիմակից Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ կատարվածը «խայտառակ գործողություններ» որակեց, որոնց հետեւանքով Վլադիմիր Վարդանյանին մարմնական լուրջ վնասվածք է հասցվել։
«Գործողությունների մասնակիցները եւ նրանց աջակցող քաղաքական ուժերը շատ ոգեւորվեցին՝ դիտարկելով, թե մարտական են տրամադրված»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը եւ հարցադրում արեց՝ մարտական տրամադրված ընդդիմության գործընկերները կարո՞ղ է մոտենում են։ Ընդդիմությունից, սակայն, որեւէ պատգամավոր չէր եկել նիստի։
Անդրանիկ Քոչարյանը շարունակեց․ «Դա ոչ միայն դատապարտելի է, այլեւ պետք է բացառել։ Չեմ հասկանում, այն նույն ոգեւորությամբ, որ փակ դռների հետեւում գործողություն էին անում, լույսի արագությամբ անհետանում են, բայց այսօր կարեւոր նախագծերի քննարկումից բացակա են։ Կարեւոր հարցերը եւ սահմանում են, եւ սահմանից դուրս՝ տվյալ քննարկման ժամանակ։ Տեսեք ինչ տրամադրվածություն ունեն մարտական տրամադրված մեր գործընկերները»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր հերթին անդրադառնալով պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց, որ դա ոչ թե հասարակ ու ողորմելի խուլիգանություն էր, այլ շղթայական գործողության մի քայլը․ «Ակնհայտ են այդ երիտասարդի նյարդային շարժումները, հակաճառումները Եղիշե Կիրակոսյանին։ Ինձ պատմել են, որ չի հասկացել, թե ինչ են խոսում, բայց ասել է, թե համաձայն չէ։ Ողորմելի նապաստակի պես փախչում է։ Եթե ԱԺ միջանցքներում արագաչափ լիներ, ապա այդ երիտասարդը մի 200 հազարի կնկարվեր։ Նապաստակային տրամադրություններն ընդդիմությունում խորն են ու արմատական։ Աթոռները դատարկ են, նապաստակային բները՝ լիքը»։
Կարդացեք նաև
Հ․Գ․ 2021թ․-ին Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստերի դահլիճում ոտքով հարվածել էր Վահե Հակոբյանին, եւ ինչպես կադրերում է ամրագրվել՝ հարվածից հետո հետ քաշվել, ինչից հետո ընդդիմադիրների վրա բռունցքներով հարձակվել են մյուս իշխանական պատգամավորները։ Որեւէ մեկը չի դատապարտվել, պատասխանատվություն չի կրել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ